16:03 | 24.02.17 | Նորություններ | 11894

Microsoft-ի կրթական նոր գործիքը կկիրառվի ՀՀ դպրոցներում

Microsoft ընկերության մշակած դասարանում համակարգչային սարքերի կառավարման Intune for Education ամպային նոր հավելվածը շուտով հասանելի կլինի հայաստանյան դպրոցներում:

«Մեր ընկերության կողմից առաջարկվող կրթական ծրագրային ապահովումը հնարավորություն է ընձեռում աշակերտներին զարգացնել իրենց ստեղծագործական կարողությունները եւ ձեռք բերել  վերլուծական հմտություններ, գիտելիքներ եւ փորձ, որոնք օգտակար կլինեն մեր երեխաների հետագա մասնագիտական գործունեության համար։ Intune for Education հավելվածը թույլ կտա դպրոցների IT ադմինիստրատորներին հեշտությամբ կառավարել ցանցում առկա սարքերը, թարմացնել դրանց վրա տեղադրված ծրագրերը եւ նոր հավելվածներ տեղադրել՝ յուրաքանչյուր սարքի վրա փոփոխությունների կատարելու փոխարեն։ Կարծում եմ, ծրագիրը զգալիորեն կհեշտացնի  IT ադմինիստրատորների աշխատանքն այս առումով»,- նշել է «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը:

Գործիքը կարող է հեշտությամբ ինտեգրվել Microsoft-ի ամպային այլ ծառայություններին։ Օրինակ, ինտեգրվելով School Data Sync ծառայությանը՝ Intune for Education-ը ավտոմատ կերպով ստեղծում է խմբեր՝ հիմնվելով դպրոցական գրանցամատյաններում գրանցված աշակերտների տվյալների վրա։ Դպրոցի IT ադմինիստրատորները կարող են առանց լրացուցիչ ջանքերի հավելվածներ տեղադրել եւ կարգավորումներ կատարել Intune for Education-ի ցանցում առկա սարքավորումների վրա՝ դրանք ակտիվացնելով բոլոր կամ որոշ աշակերտների, ուսուցիչների, դասարանների կամ բաժինների համար։

Գրանցամատյանում կատարված ցանկացած փոփոխություն ավտոմատ կերպով արտացոլվում է Intune for Education-ի խմբերում: Օրինակ, եթե դպրոցական գրանցամատյանում աշակերտի դասացանկին ավելացնեն որոշակի առարկա, ապա տվյալ աշակերտն ավտոմատ կերպով կավելացվի Intune for Education-ի այդ առարկային նվիրված համապատասխան խմբում եւ կստանա խմբի մյուս անդամներին հասանելի հավելվածների մուտքի իրավունք:

Դպրոցների այն  IT ադմինիստրատորները կամ ուսուցիչները, որոնք ունեն Office 365 for Education հաշիվ, կարող են ավտոմատ կերպով մուտք գործել Intune for Education հավելված, որը կապակցված է էլեկտրոնային փոստի հասցեին: Intune for Education-ի ցուցադրական տարբերակը հասանելի կլինի մոտակա շաբաթների ընթացքում, իսկ հավելվածը մասսայական վաճառքի կհանվի այս գարնանը։