10:16 | 01.02.17 | Նորություններ | 9551

Նուբար Աֆեյանը քննադատել է Թրամփի քայլը

Ամերիկահայ վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանը քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրանտներին վերաբերող վերջին աղմկահարույց որոշումը, որի համաձայն՝ 90 օրով արգելվել է Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ, ինչպես նաեւ 120 օրով` փախստականների ընդունումը ցանկացած երկրից:

Flagship Ventures ընկերության միջոցով Moderna Therapeutics եւ 37 այլ ընկերությունների համահիմնադիր Նուբար Աֆեյանի կարծիքով՝ ճանապարհորդելու արգելքն էթիկական, բարոյական եւ հնարավոր օրենսդրական խնդիրներ է առաջացնում:

«Որոշումը հետընթաց է այն արժեքների նկատմամբ, որոնք օգնել են ԱՄՆ-ին դառնալ առաջատար բիոտեխնոլոգիաների ոլորտում՝ նորարարություն, ձեռներեցություն, հնարավորություն եւ արդարություն: Ինչպես բոլորը գիտեն, Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսը սիրիացի միգրանտ Աբդուլֆաթթահ Ջանդալի բիոլոգիական որդին էր: Նրան մեծացրել է իրեն որդեգրած մայրը՝ Կլարան, որն էթնիկ հայ էր, որի ծնողները փրկվել էին Օսմանյան Թուրքիայից եւ գաղթել ԱՄՆ: Փախստականների ստուգման ներկայիս գործընթացը լայնածավալ է, եւ որեւէ վկայություն չի ներկայացվել, որ նախկինում ԱՄՆ մուտք գործած միգրանտները վտանգ են ներկայացրել: Մեր երկիրը Իրաք է մեկնել պատերազմելու՝ համոզված լինելով, որ իրական վտանգ է սպառնում, սակայն հետագայում պարզվեց, որ դա սխալ էր: Մենք կարիք ունենք հասկանալու այս աննախադեպ իրավիճակի եւ անսպասելի քայլերի իրական հիմքերը, որպեսզի խուսափենք մեր սխալները կրկնելուց»,- ասել է Նուբար Աֆեյանը:

Նուբար Աֆեյանը շեշտել է, որ հրահանգը կանխում է նաեւ Green Card ունեցողների մուտքը ԱՄՆ-ը, ինչի արդյունքում խախտվում են այդ մարդկանց իրավունքները «խտրականության դրսեւորման ճանապարհով եւ դա անօրինական է»: 

Նա ընդգծել է, որ բիոտեխնոլոգիաների ոլորտը մեծ չափով հենվում է էմիգրանտների վրա, եւ արգելքները կդանդաղեցնեն նորարարությունն ու առաջընթացն այս ոլորտում: