13:27 | 24.01.17 | Նորություններ | 12782

Samsung-ը հայտնել է Galaxy Note 7-ի անսարքության պատճառը

Samsung Electronics-ը հայտարարել է, որ ավարտել է Galaxy Note 7 սմարթֆոնների անսարքությանը վերաբերող հետաքննությունը եւ պարզել, որ խնդիրների պատճառը մարտկոցների նախագծման եւ սարքերի հավաքման տեխնիկական գործընթացի սխալ հաշվարկներն են:

Հետաքննության ժամանակ ստուգվել է ավելի քան 200 հազ. սարք եւ 30 հազ. մարտկոց:

«Մանրամասն ստուգման են ենթարկվել Galaxy Note 7-ի ապարատային եւ ծրագրային հատվածները, հավաքման գործընթացը, որակի վերահսկումը, ինչպես նաեւ վաճառման կետեր տեղափոխումը»,- նշել են Samsung-ում:

Ընկերությունը հայտարարել է, որ ստանձնում է այս խնդիրների պատասխանատվությունը:

Samsung-ում նշել են, որ ներկայում ընկերությունը որակի վերահսկման նոր գործընթաց է ներդրել, ինչպես նաեւ աշխատանքային խումբ է ձեւավորել, որը կօգնի լուծել մարտկոցների անվտանգության եւ այդ ոլորտում նոր մշակումների հետ կապված հարցերը:  

Cnet-ի հետ զրույցում Samsung-ի մոբայլ արտադրության ղեկավար Դոնժին Կոհն ասել է, որ ընկերությունը կշարունակի Note բրենդի ներքո սմարթֆոնների արտադրությունը:

«Մենք կգործարկենք ամենալավ, ավելի անվտանգ եւ նորարար Note 8-ը»:

Հիշեցնենք, որ Galaxy Note 7-ը վաճառքում հայտնվեց 2016թ. օգոստոսին: Գործարկումից մի քանի շաբաթ անց Samsung-ը հետ կանչեց սարքերը, երբ հայտնի դարձավ սարքերի ինքնաբուխ այրման մի քանի դեպքի մասին: 2016թ. հոկտեմբերին Samsung-ը փակեց  Note 7-ի արտադրությունը՝ խնդրելով գնորդներին վերադարձնել սարքերը: Galaxy Note 7-ի պատճառով ընկերության կրած վնասը գնահատվել է շուրջ $5,3 մլրդ: