09:56 | 16.01.17 | Նորություններ | 12549

ՀՀ ՊՆ-ն եւ «Թումո»-ն հուշագիր են ստորագրել

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։

Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության եւ պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցման նոր համատեղ ծրագրի նախաձեռնության ու պատրաստակամության համար։

Նախարարը նշել է, որ ծրագիրը կնպաստի զինվորների կրթական հնարավորությունների ավելի լայն շրջանակի ձեւավորմանը։

«Պետք է այնպես անել, որպեսզի զինվորական ծառայության տարիները նպաստեն ոչ միայն ֆիզիկական ամրապնդմանը, ռազմական ունակությունների ու մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլեւ ընդհանուր գիտելիքների հարստացմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակում հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։

Ուսումնական ծրագիրը ներառում է կենտրոնի արտադպրոցական ծրագրի 14 ուսումնական ոլորտների ընտրանին։

Ծրագրում ներառված են հետեւյալ ուղղությունները՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում։

Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով եւ 18 ամիս ժամկետով։ Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին եւ առաջադեմ մակարդակներով։