Կարեն Կարապետյանը
12:18 | 23.12.16 | Նորություններ | 10372
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացմանը վերաբերող հերթական քննարկումը:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման վերաբերյալ առաջարկությունների ամփոփման եւ ծրագրերի մշակման ընթացքին: Տեղեկացվել է, որ ներկայում այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում շահագրգիռ գերատեսչությունների եւ ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի շրջանակում:
Կարեն Կարապետյանը կարեւորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ոլորտի առաջընթացին նպաստելու գործում եւ ՏՀՏ ներկայացուցիչների նման մտածելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց թվի ավելացումը:
«Ես ձեզ հետ շատ մեծ հույսեր եմ կապում. դուք կարող եք հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կփոխի եւ´ տնտեսությունը, եւ´ միջավայրը, եւ´ մշակույթը», - նշել է կառավարության ղեկավարը եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել կառուցողական բոլոր նախաձեռնություններին:
Նախատեսվում է 2017 թ. հունվարին վարչապետին ներկայացնել աշխատանքների արդյունքները եւ առարկայական ծրագրերի փաթեթ՝ կոնկրետ միջոցառումներով: