14:29 | 20.12.16 | Նորություններ | 16911

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրում 80-ից ավելի երիտասարդ կներգրավվի

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից ներդրված «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում հունվարին կմեկնարկեն դասընթացները ավելի քան 80 զորացրված երիտասարդների համար:

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ ծրագրի նպատակն է ապահովել զինծառայություն անցած երիտասարդների սահուն ինտեգրումը, տալ արժանապատիվ աշխատանք, նվազեցնել արտագաղթելու հավանականությունը:

Նա տեղեկացրել է, որ ապրիլյան մարտերը խթան էին ծրագիրը մեկնարկելու համար:

«Սակայն սխալ է ասել, որ ծրագիրը կենտրոնացած է միայն ապրիլյան մարտերի մասնակիցների վրա: Այսօր դրան մասնակցում են ընդհանրապես զորացրված երիտասարդներ: Հունվարից ծրագրին կներգրավվեն 80-ից ավել երիտասարդներ, որոնք հնարավոր է չեն մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին: Կոչ ենք անում բոլոր զորացրված երիտասարդներին դիմել մեզ, որպեսզի իրենք եւս ցուցակագրվեն եւ ներգրավվեն մեր կրթական ծրագրերում»,- նշել է Հայկ Չոբանյանը:

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրին միանալու ցանկություն ունեցող նախկին զինծառայողները կարող են կապ հաստատել ԻՏՁՄ-ի հետ՝ զանգահարելով 011 54-88-81 (ներքին՝ 12) հեռախոսահամարով:

«Մեր նպատակն է երիտասարդներին ուղղորդել դեպի այսօր Հայաստանում ամենամեծ  պահանջարկ ունեցող ոլորտ եւ ամենաբարձր վարձատրվող մասնագիտություն: Առաջին փորձարարական ծրագիրը, որին մասնակցել է 15 զորացրված երիտասարդ, մեկնարկել էր օգոստոսին: Նկատվող միակ խնդիրն առկա սոցիալական վիճակն է, քանի որ դրանով պայմանավորված՝ մեր երիտասարդների մեծ մասն արդեն իսկ աշխատում է ավելի ցածրակարգ աշխատանքներում, որը նրանց հնարավորություն չի տալիս լիարժեք ինտեգրվել ուսումնական պրոցեսին: Դա հաշվի առնելով, կարծում ենք, որ ծրագրի լավագույն շարունակությունը կլինի դասընթացը տեղափոխել անմիջապես զինծառայության ժամանակահատված, որպեսզի դրա ավարտին երիտասարդներն արդեն իսկ ունենան ծրագրավորողի որակավորում եւ մուտք գործեն ոլորտ»,- նշել է Հայկ Չոբանյանը:

Ծրագրի տեւողությունը 6 ամիս է, այդ թվում՝ 1 ամիս մասնագիտական փորձաշրջան ՏՏ ընկերությունում: Դասընթացի շրջանակում նախկին զինծառայողները սովորել են ծրագրավորման լեզուներ, ինչպես նաեւ մասնագիտական անգլերեն:

Ծրագրի դասավանդող «Ինստիգեյթ» ընկերության ծրագրավորող Հակոբ Սիմոնյանը հույս է հայտնել, որ նախագիծը կօգնի երիտասարդներին ՏՏ ոլորտում իրենց տեղը գտնել:

«Տղաները բավական ակտիվ մասնակցել են դասընթացներին, բավական մոտիվացված էին: Այս պահին էլ դասերը շարունակվում են: Կարծում եմ՝ 6 ամսյա դասընթացներ բավարար են որպես սկսնակ ծրագրավորող ոլորտ մուտք գործելու համար: Մնացած հմտությունները ձեռք կբերվեն արդեն աշխատանքի ընթացքում»,- նշել է նա:  

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի մասնակիցներից քսանամյա Արմեն Դերիկյանը, որը ապրիլին ծառայում էր Մարտակերտում, ներկայում ծրագրավորում եւ ռոբոտաշինություն է դասավանդում Երեւանի թիվ 197 միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում:

«Առաջին փուլից հետո, որի ժամանակ լավ արդյունքներ ցուցաբերեցինք, ինձ առաջարկեցին «Արմաթ»-ում խմբակավար դառնալ: Այսօր ունեմ երկու խումբ՝ 30 հոգի, խելացի երեխաներ են: Այդ 6 ամսում շատ բան ենք սովորել՝ մասնագետները մեզ շատ լավ էին վերաբերվում, ոչ թե ուղղակի դասավանդում էին, այլ սրտանց ցանկանում, որ մենք որքան հնարավոր է շատ բան սովորենք»,- նշել է Արմեն Դերիկյանը:

Ստացած գիտելիքներով ծրագրի մասնակիցները իրենց նախաձեռնությամբ վեբ կայք են պատրաստում: Ծրագրի մասնակից Հովհաննես Մկրտչյանի խոսքով, ծրագրին նվիրված կայքում կլինեն 6 ամսվա ընթացքում իրենց իրականացրած բոլոր աշխատանքները:

«Կլինեն նաեւ խորհուրդներ ծրագրի նոր մասնակիցների համար, որպեսզի ավելի ճիշտ սովորեն: Սա կօգնի, որ նրանք մեր օրինակի վրա վստահ լինեն, որ իրենց ջանքերն  ապարդյուն չեն լինելու: Կայքը պատրաստել ենք խմբով, որը նաեւ յուրահատուկ շնորհակալություն է ԻՏՁՄ-ին՝ նման անվճար դասընթացներ ստեղծելու համար»,- նշել է  Հովհաննես Մկրտչյանը:

Ծրագրի ֆինանսական աջակիցներից է կանադահայ «Միասին» խումբը: Աջակցողների խմբին միացել են նաեւ «Այբ» դպրոցի աշակերտների ծնողները:

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրին կարելի է աջակցել՝ հանգանակություն կատարելով 1930052916980200 հաշվեհամարին: