15:38 | 15.12.16 | Նորություններ | 8636

Հայտնի են StartUp Challenge for Artsakh մրցույթի հաղթողները

Հայտնի են դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում կայացած StartUp Challenge for Artsakh նորարարական բիզնես-գաղափարների մրցույթ-աքսելերացիոն ծրագրի հաղթողները:

Մրցույթին մասնակցել է 12 ստարտափ՝ Արցախից եւ Հայաստանից:

Մրցույթի կազմակերպիչ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունից Itel.am-ին հայտնել են, որ հաղթող է ճանաչվել երկու թիմ Արցախից եւ երկու թիմ՝ Հայաստանից:  

«Recycle Bin»  - ծրագիրը վերաբերում է ԼՂՀ-ում աղբահանության խնդրի լուծմանը:

«Bus Traffic Online» - ծրագիրը վերաբերում է Ստեփանակերտի տրանսպորտային համակարգին: Այն հնարավորություն է տալու իրական ժամանակում եւ անվճար հիմունքներով հետեւել երթուղայինների շարժին եւ, ըստ դրա, ճիշտ պլանավորել ժամանակը:

«Brain Bit» - ծրագիրը նախատեսում է ստեղծել եւ Արցախում ներդնել վեբ-հարթակ, որը հնարավորություն է տալիս առանց ծրագրավորման գիտելիքների ստեղծել բոտեր՝ բիզնեսի գործունեության խթանման համար:

«Ինքնաշխատ ծորակը» - նպատակ ունի ստեղծել ինքնաշխատ ծորակների տեղական արտադրություն: Առավելությունն այն է, որ հնարավոր է տեսնել ջրի ջերմաստիճանը եւ կարգավորել տաքությունը:

Հաղթող գաղափարներից երեքը կֆինանսավորվեն «Թի-Էս-Դի» ընկերության կողմից, իսկ «Recycle Bin» ծրագիրը կֆինանսավորվի ԼՂՀ Կառավարության կողմից:

«Թի-Էս-Դի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի խոսքով՝ հաղթող թիմերի հետ կաշխատեն ընկերության տնտեսագետները՝ օգնելով կատարելագործել եւ ամբողջական տեսքի բերել իրենց բիզնես-գաղափարները, որից հետո կսկսվի ֆինանսավորման փուլը:

Այն թիմերին, որոնց չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել, հնարավորություն կստանան աշխատել իրենց բիզնես-գաղափարների վրա, փոփոխություններ կատարել դրանցում եւ ավելի արդյունավետ մոդելներ կազմելով՝ նորից դիմել ֆինանսավորման համար: