14:28 | 15.12.16 | Նորություններ | 7718

ԱՄՆ ՏՏ համայնքը Թրամփին հիշեցրել է Եղեռնի մասին

ԱՄՆ-ում տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 1200 ներկայացուցիչ neveragain.tech հարթակում ստորագրել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված բաց նամակի ներքո՝ հրաժարվելով մասնակցել ԱՄՆ կառավարության կողմից միգրանտների տվյալների բազաների ստեղծման գործընթացին:

Նամակում նշված է, որ ներքոստորագրյալները հիշում եւ ընդունում են նախկինում իրականացված ցեղասպանությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով տարբեր ժամանակներում մարդկանց էթնիկ տեղահանումներում տեխնոլոգիաների կիրառումը:

«Մենք համերաշխություն ենք ցուցաբերում մուսուլման ամերիկացիներին, էմիգրանտներին եւ բոլոր այն մարդկանց, որոնց կյանքի եւ ապրուստի միջոցները վտանգված են ադմինիստրացիայի՝ էմիգրանտների տվյալների բազաների ստեղծման քաղաքականության պատճառով: Մենք հրաժարվում ենք ստեղծել մարդկանց տվյալների բազա՝ հիմնվելով նրանց՝ սահմանադրությամբ պաշտպանված կրոնական համոզմունքների վրա: Մենք հրաժարվում ենք հեշտացնել կառավարության համար անցանկալի մարդկանց մասսայական արտաքսումը»,- ասված է նամակում:

Նամակը հրապարակվել է Դոնալդ Թրամփի եւ տեխնո աշխարհի առաջատար դեմքերի՝ Նյու Յորքում կայացած հանդիպման ֆոնին: