15:41 | 12.12.16 | Նորություններ | 9067

Հայտնի են տեխնոլոգիական տարվա արդյունքները

2016թ․ Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է ավելի քան $500 մլն, իսկ ՀՆԱ-ի վրա ՏՏ-ի ազդեցությունը շուրջ 6% է։ ՏՏ ոլորտի ընկերությունների թվաքանակը կազմել է շուրջ 540, ոլորտում ներգրավված է 16 հազ. մասնագետ։

Այս մասին այսօր ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ ամփոփելով 2016թ․ արդյունքները։

Նրա խոսքով` նախնական տվյալներով 2016թ. կարձանագրվի շուրջ 20% աճ։

«Չնայած նրան, որ բարդ տարի էր, այդուհանդերձ, աննախադեպ էր նորաստեղծ կազմակերպությունների, գաղափարների, ներդրումների տեսակետից։ Կարելի է ասել, որ այս տարի աննախադեպ քանակով նորաստեղծ կազմակերպություններ են գրանցվել»,- նշել է ՁԻՀ տնօրենը։

Հաջորդ տարվա ծրագրերից նա առանձնացրել է Ինժեներական քաղաքի ու Կիբերանվտանգության կենտրոնի կյանքի կոչումը:
 
Բագրատ Ենգիբարյանը ընդգծել է, որ ՁԻՀ-ը ձեւավորված առաջին տեխնոլոգիական ինկուբատորն է Հայաստանում, որը դարձել է ՏՏ ոլորտի զարգացման մոդել ոչ միայն Հայաստանում, այլեւ կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում:

«Այս մոդելն ապացուցեց, որ ինքնածախսածածկվող է, ավելին՝ ծախսերի 65%-ը իրականացվում է ոչ պետական միջոցներից: Ոչ միայն զարգացող, այլեւ զարգացած երկրներում նմանատիպ ցուցանիշը համարվում է շատ մեծ հաջողություն»,- նշել է ՁԻՀ տնօրենը:  

Նա տեղեկացրել է, որ այսօր ոլորտի կազմակերպությունների ավելի քան 70%-ը տարբեր ձեւաչափերով համագործակցում է ՁԻՀ-ի հետ, տարեկան միջինում շահառու կազմակերպությունների թիվը գերազանցում է 200-ը։ Ոլորտում իրականացված ներդրումների ծավալը, որոնք եղել են հիմնադրամի նախաձեռնությամբ, գերազանցում է $10 մլն-ը:

ՁԻՀ-ը ՏՏ ոլորտի զարգացման հարցում աջակցում է մի շարք երկրների կառավարությունների (Մոլդովա, Մոնտենեգրո, Բահրեյն, Ջամայկա), ինչպես նաեւ Թայվանի եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներi ավելի քան 30 տեխնոլոգիական ինկուբատորների:

‹‹ՁԻՀ-ի շնորհիվ 2012-ից մինչ օրս Երեւանում եւ մարզերում վերապատրաստվել է 20 հազ-ից ավելի աշակերտ, ուսանող, հաշմանդամություն ունեցող անձ, մասնագետ եւ դասախոս, աջակցություն է ստացել ավելի քան 500 թիմ եւ ընկերություն»,- ասել է նա։

Որպես ՁԻՀ-ի կարեւորագույն ձեռքբերում՝ Բագրատ Ենգիբարյանը նշել է մարզերում տեխնոլոգիական կենտրոնների հիմնումը, ինչը թույլ է տալիս հավասարաչափ զարգացնել ՏՏ ոլորտը երկրում՝ ամբողջ ռեսուրսները չկենտրոնացնելով միայն Երեւանում:

Ներկայում Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործում է 25 ընկերություն, կենտրոնի շնորհիվ վերապատրաստվել է ավելի քան 5900 երիտասարդ, ստեղծվել է 500 նոր աշխատատեղ, ավելի քան 50 ընկերություն ստացել է աջակցություն, որոնցից 12-ը ստացել է հետագա ֆինանսավորում:

ՁԻՀ իրավաբան Արամ Խաչատրյանը, անդրադառնալով հիմնադրամի վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի վերջին հաշվետվությանը ու դրա հետ կապված ստեղծված իրավիճակին, ասել է.

«Այս պահի դրությամբ հարուցված է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով։ Սակայն որեւէ դատավարական կարգավիճակով մեզ այս պահին հայտնի որեւէ անձ ներգրավված չէ գործի քննության մեջ։ Հայտնի չէ, թե ՎՊ հաշվետվության որ դրվագով է հարուցված քրեական գործը։ ՁԻՀ-ը չի հանդիսանում պետական կազմակերպություն, եւ իրավական տեսանկյունից ոչ պետական սուբյեկտների համար այն, ինչ արգելված չէ օրենքով, թույլատրելի է։ Կանոնադրության որեւէ կարգավորում առկա չէ, որ նշում է, թե կարելի է փոխառություններ տրամադրել, բայց նաեւ գոյություն չունի որեւիցե սահմանափակում։ Փոխառությունը դա ուղղակի գործարք է, որը կնքելու իրավասությունը տրված է տնօրենին»,- նշել է Արամ Խաչատրյանը։

Բագրատ Ենգիբարյանը, իր հերթին, հավելել է, որ հետամուտ են լինելու «արդարադատության հաստատմանը»։

Հիշեցնենք, որ ՀՀ վերահսկիչ պալատը, ուսումնասիրելով ՁԻՀ-ի 2006-2016 թթ. գործունեությունը, հայտարարել էր, որ օրենքի խախտումներ են հայտնաբերվել, եւ հիմնադրամի ստեղծած ընկերությունների բաժնետոմսերի օտարման գործարքներում առկա են խնդրահարույց կետեր: