12:16 | 21.11.16 | Հարցազրույցներ | exclusive 30721

    Քրիստիան Շելենբերգեր. Հայկական ստարտափները պետք է երկարաժամկետ մտածեն

    Նոյեմբերի 18-19-ին Դիլիջանում կայացել է 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը՝ «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով:

    Ֆորումին մասնակցել են տեխնոլոգիական, կրթական եւ բիզնես ոլորտի, ՀՀ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների 150-ից ավելի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ խոսնակներ աշխարհի 6 երկրներից:

    Ստարտափների աջակցությամբ զբաղվող գերմանական BerlinerStrategen ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերը Itel.am-ի հետ զրույցում մի շարք խորհուրդներ է տվել հայկական ստարտափներին:

    Տեղական արժեքներն ուղղել դեպի աշխարհ

    Ամենասկզբում պետք է գտնել այն ոլորտը, որի միջոցով դու կարող ես գլոբալ դառնալ: Միեւնույն ժամանակ՝ ամենեւին էլ պարտադիր չէ, որ բոլոր ստարտափները գնան ու գլոբալ ստարտափներ դառնան: Կբերեմ Կարմիր ծովի շուկայի օրինակը, որտեղ առանց գլոբալ խոշոր ներդրումների պարզապես չես կարող զարգանալ եւ դառնալ մրցունակ արդեն իսկ բավական ուժեղ ընկերությունների շրջանում:

    Քրիստիան Շելենբերգերը Քրիստիան Շելենբերգերը
    photo © ԻՏՁՄ


    Եթե ես ինքս այստեղ ստարտափ հիմնեի, ապա կկենտրոնանայի Հայաստանի հիմնական արժեքների վրա, արժեքներ, որոնց մասին աշխարհը միգուցե այդքան էլ տեղյակ չէ: Կփորձեի այդ արժեքները մասշտաբայնացնել եւ ուղղել դեպի արտաքին աշխարհ: Սա ավելի լավ է, քան ԱՄՆ-ից, Եվրոպայից կամ էլ Ասիայից մոդելներ վերցնելն ու ադապտացնելը:

    Խնդիրն ամեն ինչ հենց տվյալ պահին վաճառելու մեջ չէ

    Այլ շուկաներ փնտրելուց առաջ ինքս ինձ հարց կտայի՝ իսկ ի՞նչ շանսեր ունեմ ես տեղական շուկայում: Մի պահ կմոռանայի հայտնի ու խոշոր տեխնո էկոհամակարգերի մասին՝ ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոն, Թել Ավիվը, Ստոկհոլմը, քանի որ այդտեղ շատ ավելի բարդ է լինելու, քան Հայաստանում մնալու եւ տեղական շուկայում զարգանալու դեպքում: Պետք է հասկանալ, որ ցանկացած էկոհամակարգ տարբեր է կառուցվածքով եւ առանձնահատուկ է: Տեղական էկոհամակարգում առկա է վստահություն, եւ լեզվական խնդիրներ եւ համանման այլ խոչընդոտներ չկան: Սրանք հատկանիշներ են, որոնք, օրինակ, հնարավոր չէ մեկ շաբաթում հարթել, եթե դու լոկալ շուկայից դուրս ես:

    Ձեռներեցությունը միայն կարճաժամկետ մտածողություն չէ, հարկավոր է Հայաստանում ունենալ ընկերություններ, որոնք կմտածեն ոչ թե առաջիկա երկու տարվա, այլ 10-20 տարվա կտրվածքով, որպեսզի ապագայում էլ աշխատատեղեր ունենաս, չէ՞ որ խնդիրն ամեն ինչ հենց տվյալ պահին վաճառելու մեջ չէ:

    Սկսել փորձարկումներ անել տեղական շուկայում

    Ստարտափ հիմնադրելուց առաջ հարկավոր է ինքդ քեզ հարց տալ՝ արդյոք բավարար կիրք ունե՞ս դա նախաձեռնելու համար, արդյոք ի զորո՞ւ ես հաղթել այդ պայքարում, քանի որ ձեռներեցության գործընթացը միշտ չէ, որ հարթ է ընթանում:

    Հարցրեք ինքներդ ձեզ. արդյոք պատրա՞ստ եք ռիսկի տակ դնել ձեր գումարը եւ օրինակ ընկերների հետ շփման ժամանակը: Չէ՞ որ դուք շատ եք աշխատելու, շատ գումար եւ ժամանակ եք ծախսելու, իսկ ժամանակը եւս գումար է, եւ շատ հնարավոր է, որ դրանից վերջում ոչինչ դուրս չգա:

    Եթե կարծում եք, որ պատրաստ եք այդ ռիսկին՝ խորհուրդ կտամ բացել ընկերություն, բայց ոչ թե ձեր ունեցած ամբողջ գումարը միանգամից այնտեղ ներդրել, այլ սկսել փորձարկումներ կատարել տեղական շուկայում: Պարտադիր չէ, որ դա լինի ինչ-որ բարդ պրոդուկտ: Կարող է լինել շատ պարզ մի բան: Հաճախ են բերում ամերիկացի տղայի պատմությունը, որը 13 տարեկանում հասկացել է, որ ցանկանում է պաղպաղակ վաճառել եւ սկսել է դա անել: Հիմա նա 20 տարեկան է, իսկ պաղպաղակ արտադրող ընկերությունը բազմամիլիոնանոց եկամուտ ունի: Հասկանո՞ւմ եք՝ դա պաղպաղակ էր, սովորական, պարզ պրոդուկտ, արհեստական բանականության պես բարդ բան չէր:

    Հանգամանքներից կախված հաջողությունը

    Պարտադիր չէ մտածել, որ դու դառնալու ես հաջորդ Էլոն Մասկը: Նման հաջողությունը բազմաթիվ հանգամանքներից է կախված՝ թե ինչ կոնտակտներ ու կապեր ունես, ով է քեզ աջակցում քո բիզնեսում: Արդյունքում գնալով ավելի ու ավելի շատ մարդկանց ես ճանաչում, նորանոր մարդիկ են գալիս ու ասում, որ հետաքրքրված են քո պրոդուկտում ներդրում կատարելով: Այդ ամբողջ գործընթացը նման է լեռ բարձրանալուն՝ դու բարձրանում ես ու նայում դեպի գագաթը: Պետք չէ հիասթափվել, եթե հանկարծ չստացվի հասնել մինչեւ գագաթ: Փոքր քայլերը եւս ուրախանալու առիթ են:

    Քրիստիան Շելենբերգերի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը