14:56 | 14.11.16 | Նորություններ | 3259

«Ծրագրավորման ժամ»-ն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 18-ին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ) եւ «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ դեկտեմբերի 18-ին «Այբ» ավագ դպրոցում կկայանա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

Հայաստանում արդեն 3-րդ անգամ կազմակերպվող միջոցառման նպատակն է սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը եւ խնդիրների լուծման հմտությունները: Մասնակիցներն այս ամենը սովորում են խաղերի միջոցով՝ մի քանի ժամում:

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի`աշխարհի 180 երկրներից: 2015թ. միջոցառմանը մասնակցել է 5-18 տարեկան 250-ից ավելի մասնակից Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից: Մասնակիցներից շատերը շարունակել են սովորել ծրագրավորում եւ առաջին քայլերն են անում որպես կրտսեր ծրագրավորողներ։

«Ծրագրավորման ժամ» միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով եւ ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ՝ անկախ տարիքից: Ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: Մասնակիցների գրանցումը կմեկնարկի դեկտեմբերի 20-ին:

«Ապրելով տեխնոլոգիաներով հագեցած հազարամյակում՝ շատ կարեւոր է երեխաներին տեխնոլոգիաներ սպառող հասարակությունից դարձնել տեխնոլոգիաներ ստեղծող։ Այն, ինչ մենք սպառում ենք առցանց տիրույթում, կարող ենք նաեւ ստեղծել։ Նմանատիպ միջոցառումները խթան են ծառայում դպրոցականների շրջանում ծրագրավորմամբ հետաքրքրվելու, նոր գաղափարներով հանդես գալու եւ հետագայում նորարար լուծումներ ստեղծելու համար»,- նշել է ՄԻԿ տնօրեն Արտաշես Վարդանյանը:

«Ծրագրավորումը զիլ գործ է: Տարեցտարի ավելի եւ ավելի շատ մարդիկ են ոգեւորվում ծրագրավորմամբ: Ծրագրավորում սովորելու համար չկա տարիքային սահմանափակում, ամեն մեկը ցանկացած պահի կարող է սկսել սովորել: Այսօր առանց զգալի ծախսի ծրագրավորում սովորելու բազմաթիվ միջոցներ կան: Hour of Code-ի միջոցով ցանկանում ենք,  որ այդ ոգեւորիչ ճանապարհը մարդիկ սկսեն մեզ հետ»,- ընդգծել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN: