11:07 | 14.11.16 | Նորություններ | 11203
Նոյեմբերի 10-11-ին Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման շրջանակում հայաստանյան պատվիրակությունը հաղթող է ճանաչվել միանգամից 6 անվանակարգում:
Հայկական պատվիրակության կազմում ներառված էր 26 մասնավոր եւ պետական կառույցների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների 35 ներկայացուցիչ:
Պետական հատված
- Գործարար գործընթացները խթանող ամենահաջող ՏՏ նորարարական լուծում՝ ՀՀ ՊԵԿ, B2B, B2G համալիր համակարգ,
- Համանյքային կառավարման լավագույն էլեկտրոնային Համակարգ՝ ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ,
- Լավագույն ՏՏ Ծրագրի առաջարկ՝ ԷԿԵՆԳ, Հայաստանի էլեկտրոնային առողջապահության նախագիծ,
Մասնավոր հատված
- ՏՏ Կրթության լավագույն մատուցող՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Հայաստանի հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր ԱՐՄԱԹ,
- Լավագույն տեղեկատվական/կիբերանվտագության լուծում՝ ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ,
- Լավագույն Մուլտիմեդիա/Մոբիլ նախագիծ՝ Arloopa:
Հայկական կողմի հետեւյալ ներկայացումները ներառվել են միջոցառման գլխավոր օրակարգում՝
- Էլեկտրոնային կառավարումը Հայաստանում, ԷԿԵՆԳ
- Մունիցիպալ կառավարման տեղեկատվական Համակարգ, GIZ
- Հայաստանի հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր ԱՐՄԱԹ, ԻՏՁՄ
- Rumors Monitoring՝ Մեդիա մոնիթորինգի հարթակ
- Հարավային կովկասի Կիբերանվտագության խնդիրները, Նորավանք Հիմնադրամ
- Համացանցային անվտանգության համակարգեր, ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ
«Վրաստանում շատ են կիբերանվտանգության լուծումներ առաջարկող ընկերությունները, սակայն դրանց մեծ մասն ուղղակի անվտանգության լուծումների վերավաճառքով է զբաղված: Մեր պատվիրակության ներկայացրած լուծումները տարբերվում էին նրանով, որ մենք բոլորս ինչ-որ նոր բան ենք բերում ՏՏ ոլորտ՝ կենտրոնանալով նորարար լուծումների վրա: Սկզբում բարդ էր հավատալ, որ մեր ընկերությունը հաղթել է, քանի որ մրցում էինք բավական ուժեղ ընկերությունների հետ: Մրցանակաբաշխությանը ներկայացրել էինք հաջորդ սերնդի անվտանգության այնպիսի համակարգ, որը նախագծված է կանխելու վեբ-կայքին ուղղված չարամիտ հարձակումները՝ ապահովելով կայքի անխափան եւ կայուն աշխատանքը: Այն ընդունակ է պաշտպանել այնպիսի վեբ-ծրագրեր, որոնք ունեն բարձր աստիճանի խոցելիություն՝ պաշտպանելով պատվիրատուի հեղինակությունը, առցանց գործարքներն ու գաղտնի թվային տվյալները: Նշեմ, որ սա մեր հինգերորդ միջազգային մրցանակն է»,- Itel.am-ի հետ զրույցում պատմել է «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը:
Հայկական պատվիրակության անդամները նաեւ հնարավորություն են ունեցել ցուցադրել իրենց լուծումները հատուկ ստեղծված «Հայկական ՏՀՏ Անկյուն» կոնսոլիդացված տաղավարում:
Պատվիրակության աշխատանքները ղեկավարում էր ԱՐՄԻՔՍ Հիմնադրամը՝ համակարգելով այն ԻՏՁՄ եւ ՏՀՏ Գործատուների միության հետ։ Հայկական պատվիրակությանն աջակցություն է ցուցաբերել Regional Economic Growth (REG) ծրագիրը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն եւ Grant Thornton ընկերությունը։