11:07 | 11.11.16 | Նորություններ | exclusive 14401

LiveBoard հավելվածը հասանելի է ԱրմԹաբերում

LiveBoard հավելվածը տեղադրվել է Վայոց ձորի բոլոր դպրոցների երկրորդ դասարանի ավելի քան 700 աշակերտներին տրամադրված ԱրմԹաբ պլանշետներում:

AppStore-ում եւ Google Play-ում հասանելի հավելվածն ինտերակտիվ գրատախտակ է, որը թույլ է տալիս ձեռքի հպումով օնլայն նկարել եւ միաժամանակ զրուցել ընկերների հետ: Հավելվածում կարելի է գտնել նկարելու պրակտիկ գործիքներ, առանց ինտերնետի միացման նույն գրատախտակի վրա համաժամանակյա աշխատելու, ձեռքով գծածը ճշգրիտ պատկերի վերածելու, սոցիալական մեդիայում արված աշխատանքը տարածելու հնարավորություններ եւ այլն:

Itel.am-ի հետ զրույցում LiveBoard-ի համահիմնադիր Տիգրան Բարսեղյանը նշել է, որ շատ ուրախ են, որ հայկական արտադրության պլանշետներում ավելացել է եւս մեկ հայկական արտադրության հավելված:

«Կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցության արդյունքում LiveBoard-ն ընդգրկվել է «Մեկ համակարգիչ, մեկ աշակերտ» պիլոտային ծրագրում, եւ ԱրմԹաբերի համար հայաֆիկացրել ենք ծրագիրը, ինչպես նաեւ մի քանի փոփոխություն ենք արել: Այս շաբաթ մեր թիմը, ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում, կմեկնի Վայոց ձոր՝ ներկայացնելու LiveBoard-ը եւ լսելու կարծիքներ՝ հավելվածն ավելի օգտակար դարձնելու ուղղությամբ: Սա կարեւոր քայլ է ինչպես Հայաստանի դպրոցների, այնպես էլ մեզ համար: Հուսով ենք, որ աստիճանաբար կհասնենք նրան, որ Հայաստանի բոլոր աշակերտները կօգտագործեն LiveBoard-ն ամեն օր»,- նշել է նա:
 
Տիգրան Բարսեղյանը տեղեկացրել է, որ դպրոցների համար հատուկ մշակվել է հավելվածի հայաֆիկացված եւ ավելի մատչելի տարբերակը: