Այսօր Երեւանում բացվել է ISTC Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը՝ հագեցած գերժամանակակից տեխնիկայով, ամբողջովին համալրված IBM  տեխնոլոգիական լուծումներով:

1000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող կենտրոնը տեղակայված է ԵՊՀ 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում եւ առաջարկում է նորարարական միջավայր սկսնակ թիմերին ու ընկերություններին՝ տրամադրելով նրանց աշխատանքային տարածք եւ ենթակառուցվածքներ, տեխնիկական եւ գործարար խորհրդատվության, ինչպես նաեւ նոր կապեր հաստատելու  հնարավորություն:

2014թ. գործունեություն ծավալող կենտրոնը ուսանողներին եւ դասախոսական կազմին տրամադրում է նորագույն ծրագրային եւ տեխնիկական ապահովում, ինչպես նաեւ կրթական նյութեր հետազոտական աշխատանքների եւ դասընթացների իրականացման համար։ Մինչ այժմ ավելի քան 100 դասախոս եւ 1500 ուսանող ՀՀ 9 բուհերից անցել են հատուկ վերապատրաստման դասընթացներ՝ իրենց կրթական ծրագրերի բարելավման համար։ Նոր մագիստրոսական ծրագրեր են մշակվել գերժամանակակից ուղղություններով, որոնք կգործեն ՀՀ տարբեր բուհերում մյուս ուսումնական տարվա ընթացքում։

photo © EIF


Կենտրոնի բացմանը ներկա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսը կարեւորել է ISTC ծրագիրը՝ որպես Հայաստանի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերությունների ամրապնդման  եւ ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման հաջողված նախաձեռնություն։

‹‹Ավելի քան 10 տարի ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ՏՏ ոլորտի զարգացմանը՝ նպաստելով վերջինիս  կայունացմանը։ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումը կարեւորագույն ձեռքբերում է՝ ուղղված ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը: Ես հպարտ եմ, որ այս յուրահատուկ համագործակցությունը նպատակաուղղված է հայ երիտասարդների կրթությանը: Մասնավոր հատվածի եւ համալսարանների միջեւ համագործակցությունը ստեղծում է տնտեսական հնարավորություններ Հայաստանի երիտասարդների համար: Կենտրոնը նաեւ խթանում է հայկական ու ամերիկյան բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ համագործակցությունը, որն ինձ հիացնում է․ Սթենֆորդի, Դյուկի եւ Ֆորդհամի համալսարանները դրա վառ օրինակն են››,- ասել է Ռիչարդ Միլսը:

IBM համալսարանների հետ հարաբերությունների տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Բելովն էլ նշել է, որ ISTC-ի առաջարկված գիտակրթական մոդելը լավագույն փորձերից է, եւ մոտ ապագայում կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանային համագործակցության համար։   

Նա կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը եւ Երեւանի Պետական Համալսարանը ընդգրկվել են IBM հատուկ համագործակցության համալսարանների ցանկում, եւ որ վերջիններիս ընձեռվել է յուրահատուկ հնարավորություն՝ օգտվելու IBM կրթական ռեսուրսից իրենց անձնական ամպային հանգույցից՝ հասանելի միայն տվյալ համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին։

photo © EIF


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն իր հերթին նշել է. ‹‹Մեր կարեւորագույն ձեռքբերումներից մեկն էլ ISTC կենտրոնի հիմնումն է, որի շնորհիվ Հայաստանի համար մատչելի կդառնա միջազգային գիտելիքը եւ ֆինանսավորման աղբյուրները, կվերապատարստվեն շուկայի պահանջներին համապատասխան բարձրակարգ ՏՏ մասնագետներ եւ տեղական ընկերությունների համար կստեղծվի գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն››,- ընդգծել է նա:

ISTC-ն hամատեղ hետազոտական դրամաշնորհային ծրագիր կմեկնարկի՝ ուղղված Հայաստանի կրթական եւ գիտահետազոտական համակարգերի զարգացմանը: Ծրագրի շրջանակում տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, առեւտրայնացման ռազմավարության մշակման աջակցություն եւ ֆինանսական աջակցություն:

Առաջիկայում կմեկնարկի նաեւ ԱՄՆ համալսարանների հետ համագործակցությանը միտված նոր ծրագիր, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում մի քանի շաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել:

Նշենք, որ այսօր կենտրոնում մեկնարկել է Smarter Armenia ’16 հաքաթոնը, որի նպատակն է գեներացնել նոր մտքեր եւ նպաստել նորարական լուծումների ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության եւ ֆինանսական ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանն ավելի խելացի դարձնելուն: Հաքաթոնի արդյունքներին կանդրադառնանք առաջիկայում:

Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: ISTC-ի նպատակներն են զարգացնել եւ կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնեսի ձեւավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների եւ գիտելիքի տրամադրման միջոցով: