Բագրատ Ենգիբարյանը
14:13 | 07.11.16 | Նորություններ | 7142
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն այսօր ասել է, որ արհեստական բանականության լուծումների մշակմամբ Հայաստանը հավասար է ընթանում զարգացող մյուս երկրների հետ:
«Բոլորս նույն մակարդակի վրա ենք, եւ հետագա քայլը պլանավորելուց է կախված, թե ում մոտ կհաջողվի առաջատար դառնալ: Սխալ կլինի չփորձել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՁԻՀ տնօրենը:
Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ աշխարհում խաղի կանոնները փոխվել են, եւ դրանից պետք է օգտվել՝ զարգացնելով նպատակային մի քանի ուղղություններ, ինչը տնտեսությունը լիովին այլ մակարդակի կբարձրացնի:
«Չունենալով, օրինակ, մեքենաշինական տրադիցիաներ՝ հնարավոր է դառնալ մեքենաշինության ոլորտում եղանակ ստեղծող երկիր: Օրինակ, եթե կարողանանք մեր երկրում արտադրել այնպիսի մարտկոցներ, որոնք կօգտագործվեն Tesla մեքենաներում եւ նորարարություն են, կարող ենք այդ ոլորտում առաջատար դառնալ: Հինգ տարի առաջ դա հնարավոր չէր, քանի որ եղանակ էին ստեղծում տրադիցիոն բիզնեսները: Եթե չունեիր մեքենաշինության ոլորտում տասնյակ տարիների ավանդույթներ, ապա ոչինչ չէր ստացվի»,- ընդգծել է Բագրատ Ենգիբարյանը:
Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-11-ը ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը՝ IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) եւ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ, կկազմակերպի Smarter Armenia ’16 հաքաթոնը՝ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողության շրջանակում:
Խոսելով ներդրումների մասին՝ ՁԻՀ տնօրենը նշել է, որ Հայաստանում ՏՏ ներդրումների մոտ 60 տոկոսը ԱՄՆ-ից են, ԱՊՀ երկրներից ներդրումներն էլ կազմում են շուրջ 10%:
«Եթե ՏՏ ոլորտում ներդրումները եւ շուկան ամերիկյան են, ապա սպառման շուկան հիմնականում ԱՊՀ-ն է: Սա փաստում է, որ այսօր ԱՊՀ-ում ճարտարագիտական ինտեգրացված լուծումների շատ մեծ պահանջարկ կա»,- նկատել է Բագրատ Ենգիբարյանը: