17:03 | 03.11.16 | Նորություններ | 4739

    Նոյեմբերի 10-11-ը կանցկացվի Smarter Armenia ’16 հաքաթոնը

    Նոյեմբերի 10-11-ը ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը՝ IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) եւ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ, կկազմակերպի Smarter Armenia ’16 հաքաթոնը:
     
    Միջոցառումը կկայանա Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողության շրջանակում:

    ՁԻՀ-ից հայտնել են, որ հաքաթոնի նպատակն է գեներացնել նոր մտքեր եւ նպաստել նորարական լուծումների ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության եւ ֆինանսական ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանն ավելի խելացի դարձնելուն:

    Լուծումների ստեղծման համար մասնակիցները չունեն որեւէ տեխնոլոգիական սահմանափակում։ Կլինեն հատուկ մրցանակներ այն թիմերի համար, որոնք կօգտվեն IBM Bluemix ամպային լուծումներից եւ IBM Watson-ից։
     
    Հաքաթոնից առաջ՝ նոյեմբերի 4-ին, ISTC թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու տեղեկատվական հատուկ հանդիպման, որտեղ կներկայացվեն այն խնդիրները, որոնք մասնակիցները պետք է լուծեն հաքաթոնի ընթացքում:
     
    Smarter Armenia ’16 հաքաթոնի անվանակարգերն ու մրցանակներն են՝

    -    Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում՝ $1000 մրցանակ «Ռոստելեկոմ»-ի կողմից:
    -    Լավագույն լուծում ֆինանսական ոլորտում՝ $1000 մրցանակ Արդշինբանկի կողմից:
    -    Լավագույն լուծում առողջապահության ոլորտում՝ $1000 մրցանակ «Ինգո Արմենիա» ապահովագրականի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից:
    -    Հատուկ մրցանակ IBM BlueMix-ի կիրառմամբ ամենանորարար լուծման համար՝ $500 մրցանակ ISTC-ի կողմից:
    -    Հատուկ մրցանակ IBM Watson-ի եւ BlueMix-ի լավագույն կիրառման համար՝ IBM-ի կողմից:

    Հաքաթոնին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։