17:45 | 02.11.16 | Նորություններ | 3623

ՀՀ-ում կիբերհանցագործների թիրախում ՓՄՁ-ներն են

Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանն այսօր ասել է, որ Հայաստանում կիբերհանցագործությունների ամենառիսկային խմբում են փոքր եւ միջին ձեռնարկությունները:

Այս մասին նա ասել է Հայաստանում European Cyber Security Month-ի շրջանակում հրավիրված ասուլիսի ընթացքում:

Լիանա Կորկոտյանի խոսքով՝ ՓՄՁ-ները կարծում են, որ անհրաժեշտություն չկա վարձելու տեղեկատվական անվտանգության հատուկ մասնագետներ:

«ՏՏ մասնագետները, որոնք երբեմն այցելում են ընկերություն, հարկ չեն համարում լիցենզավորված ծրագրային ապահովում տեղադրել: Համարվում է, որ ավելի հեշտ է համացանցից ներբեռնել ոչ արտոնագրված անվճար ծրագրեր, քան ձեռք բերել արտոնագրվածը: Սակայն արդյունքում կիբերհարձակումների վնասը կարող է գերազանցել լիցենզավորման արժեքը մի քանի հարյուր անգամ»,- նշել է Լիանա Կորկոտյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կիբերհարձակումների ռիսկը շարունակում է բարձր մնալ կորպորատիվ համակարգիչների, վեբկայքերի, ընկերությունների ՏՏ ցանցերի եւ բանկոմատների պարագայում:  

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՊՀ երկրների փոքր եւ միջին ձեռնարկությունների ավելի քան 90%-ը բախվել է կիբերվտանգների, որոնցից 80%-ը առավել մեծ չափսերի վնասներ է կրել:

2016 Global Software Survey ասոցիացիայի լայնածավալ հետազոտության արդյունքների համաձայն` Հայաստանում համակարգիչների ծրագրային ապահովման 86%-ը արտոնագրված չէ: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը չի փոխվել:

«Վտանգը ոչ միայն չարտոնագրված ծրագրային ապահովումն է, այլեւ այն արտոնագրված ծրագրերը, որոնք թողարկվել են 10-15 տարի առաջ: Դրանց ամենավառ օրինակը Windows XP-ն է: Այդ համակարգը պաշտոնապես դուրս է եկել Microsoft-ի աջակցության ցիկլից, թարմացումները չեն զարգանում, այդ իսկ պատճառով էլ անվտանգ չեն: Թարմացումները կարեւոր են ցանկացած ծրագրային ապահովման համար: Ժամանակի հետ ապահովման խոցելիությունը բարձրանում է, թարմացումները շտկում են այն, վերացնում են թերությունները եւ բարձրացնում պաշտպանվածությունը»,- ասել է ԱՊՀ երկրներում Microsoft-ի ծրագրային ակտիվների կառավարման եւ  հսկողության հարցերով տնօրեն Դմիտրի Բերեսնեւը:

Microsoft-ի փորձագետների խոսքով`նպատակային հարձակումների ռիսկը նվազեցնելու գործում կարող են օգնել պարբերական սեմինարները, որոնք ուղղված են չարտոնագրված ծրագրային ապահովության վերաբերյալ օգտատերերի իրազեկմանը, տվյալների պահպանման համար հատուկ նախատեսված ծրագրերի օգտագործմանն ու SAM (Software Assurance Management) ծրագրային միջոցների ղեկավարման համար նախատեսված հավելվածներին, որոնք հիմա հասանելի են Հայաստանում: Software Assurance Management հավելվածները տրամադրում են ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե ինչ ծրագրեր են տեղադրված համակարգիչներում եւ արդյոք դրանք արտոնագրված են, թե ոչ:

European Cyber Security Month կիբերանվտանգության ամիսը լայնածավալ նախաձեռնություն է, որը միտված է բարձրացնելու ինտերնետ օգտատերերի իրազեկվածության մակարդակը տեղեկատվական անվտանգության, կիբերվտանգների եւ պաշտպանության միջոցների մասին: