16:46 | 02.11.16 | Նորություններ | 12242

Ucom-ը շրջայց է կատարել Գեղարքունիքի «Արմաթ» լաբորատորիաներ

Օրերս Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի եւ Սեւանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաների սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):    

Շրջայցի ժամանակ «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենը, ինչ սովորել են մոտ մեկ տարվա ընթացքում: Երեխաները հմտացել են «Աղվես» եւ «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու մեջ: Նրանցից ոմանք մասնակցել են նաեւ Դիջիթեք Էքսպոյի շրջանակներում անցկացվող ջրային սարքերի ցուցադրությանը, որտեղ ներկայացրել են իրենց իսկ ձեռքով պատրաստված նավը:

«Մասնակցել ենք «Բաց խաղ» առաջնությանը եւ հասել ենք երրորդ փուլ»,- նշում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներից մեկի սան Խաչիկ Առաքելյանը:

«Շրջայցի ընթացքում պարզ երեւաց Ucom ընկերության ներդրումների արդյունքը կրթության ոլորտում: Ամենահզոր ուժը մեր հայրենիքի ապագա ինժեներն է, շինարարը, բժիշկը, կամ ցանկացած այլ մասնագետ, ով կրթված է ու իր գիտելիքները ծառայեցնում է հանուն սեփական երկրի բարօրության»,- ասել է Ucom ընկերության բրենդի զարգացման եւ հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը:

ԻՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom-ը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։