17:02 | 28.10.16 | Նորություններ | 15437

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2016թ. մրցանակը կստանա Լուի Պուզանը

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2016թ. մրցանակին արժանացել է Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը:

Այս մասին այսօր հայտարարվել է ՀՀ նախագահի նստավայրում կայացած մամուլի ասուլիս ընթացքում:

«Համոզված եմ, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պարգեւը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը՝ որպես ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարած երկրի»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման գերակայություններից է, իսկ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը չափազանց կարեւոր նշանակություն ունի երկրի ճանաչելիության առումով»,- նշել է Մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:

Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ վստահություն է հայտնել, որ տարիներ անց այս մրցանակին արժանացած հսկաները կժամանեն  Հայաստան՝ իրենց հետ բերելով  բարձրագույն տեխնոլոգիական  ժամանակակից մշակույթ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է մրցանակին առաջին իսկ օրվանից՝ հաշվի առնելով այն ներուժը, որ նախաձեռնությունն ունի ՏՀՏ ոլորտում մեր ձեռքբերումներն աշխարհին ներկայացնելու եւ երկրի վարկանիշը բարձրացնելու առումով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը:

Մրցանակը հիմնվել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ եւ իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորության շնորհիվ: