Microsoft կորպորացիան նախօրեին ներկայացրել է մի շարք նորարարություններ, այդ թվում՝ երկու նոր համակարգիչ:
Surface Studio-ն ունի 28-դյույմանոց, 13.5 մլն պիքսել թույլատրելիությամբ (resolution) եւ 12.5 մմ բարակությամբ էկրան, որն այն դարձնում է աշխարհի ամենաբարակ մոնոբլոկ համակարգիչը:
Surface Studio-ն ստեղծված է հատկապես պրոֆեսիոնալ դիզայներների համար: Աշխատանքի մի քանի ռեժիմները թույլ են տալիս զուգահեռ տեսնել օգտագործողի աշխատանքի արդյունքը այլ՝ ավելի հասարակ մոնիտորների վրա:
Համակարգիչն աշխատում է Intel Core i5 եւ i7 պրոցեսորով, ունի 32 ԳԲ օպերատիվ հիշողություն ու 2 ՏԲ ծավալով հիշողություն:
Մոնոբլոկն ունի նաեւ տեսախցիկ, միկրոֆոն, էկրանը հեշտությամբ առաջ եւ հետ է շարժվում, թեքվում, ինչը հնարավորություն է տալիս աշխատել անգամ պառկած դիրքով: Կարելի է կառավարել նաեւ նոր՝ Surface Dial հեռակառավարման վահանակի միջոցով, որը թույլ է տալիս նկարելիս ավելացնել գույներ, թերթել էջեր եւ այլն:
Surface Studio-ի նախնական պատվերներն արդեն բաց են, եւ առկա են մի քանի տարբերակներ, որոնք ներկայացված են ստորեւ:
1TB / Intel Core i5 — 8GB RAM / 2GB GPU — $2999
1TB / Intel Core i7 — 16GB RAM / 2GB GPU — $3499
2TB / Intel Core i7 — 32GB RAM / 4GB GPU — $4199
Surface Book i7-ը Microsoft-ն անվանել է աշխարհում գոյություն ունեցող ամենահզոր նոութբուքը:
Նոութբուք տրանսֆորմերը հարմար է ինչպես աշխատելու, այնպես էլ ժամանցի համար: Հատուկ փետուրի միջոցով հնարավոր է նշումներ անել OneNote-ում, ինչպես նաեւ նկարել գրաֆիկական խմբագրիչներում:
Surface Book i7-ը մեկ անգամ լիցքավորվելու դեպքում կարող է աշխատել մինչեւ 16 ժամ: Այն արժե $2399: Ի դեպ, անցած տարի ներկայացված Surface Book-ն էժանացել է եւ արժե $1499, իսկ Surface Pro-ն՝ $899:
Միջոցառման ընթացքում նաեւ հայտարարվել է, որ Windows 10-ի եւ Windows 10 mobile-ի նոր թարմացումները կկոչվեն Windows 10 Creators Update եւ կգործարկվեն հաջորդ գարնանը: