16:32 | 17.10.16 | Նորություններ | exclusive 202431

HIVE-ի գործընկերները՝ հայաստանյան ՏՏ զարգացումների մասին

Հոկտեմբերի 15-ին Երեւանում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, անցկացվեց HIVE ներդրումային հիմնադրամի կազմակերպած Silicon Valley UNLEASHED: Inside Tech’s Greatest Minds միջոցառումը:

Itel.am-ը զրուցել է HIVE ներդրումային հիմնադրամի գործընկերներ Նինա Աչաջյանի եւ Ադամ Կաբլանյանի հետ:

Նինա Աչաջյանը պատմել է, որ հիմնադրամի առաքելությունը վերջին շրջանում փոքր ինչ փոխվել է. ներկայում HIVE-ը կենտրոնացած է վաղ շրջանում գտնվող հայկական ստարտափներում ներդրումների ուղղությամբ:

«Անցած տարի ապրիլին կրկին «Թումո»-ում անցկացված միջոցառումից հետո պահանջարկ կար այն կրկնելու, այդ իսկ պատճառով այս տարի վերադարձանք: Եթե անցած տարի շեշտը դրված էր հիմնականում ինժեներների վրա, ապա այս տարի ցանկացանք լայնացնել հյուրերի շրջանակը եւ թեմաները: Միավորել ենք տեխնոլոգիական ձեռներեցների, հիմնադիրների, ծրագրավորողների եւ այլն, թեմաներն էլ հետաքրքիր կլինեն բոլոր այդ խմբերի համար: Կարծում եմ՝ այսօրվա միջոցառումը կնպաստի, որ հայ ձեռներեցները ստանան մուտք դեպի Սիլիկոնյան հովտի փորձագետներ»,- նշել է նա:

Նինա Աչաջյանն անցած տարվա համեմատ դրական փոփոխություններ է նկատում հայկական ստարտափներում:

«Ստարտափներն ավելի հասունացել են: Բարելավվել են պրոդուկտի ներկայացման, մտածելու հմտությունները: HIVE-ի նպատակն է ներդրում կատարել այն մարդկանցում եւ գաղափարներում, որոնք «քաղցած են», շատ են աշխատում՝ հասկանալու իրենց շուկան եւ շատ ժամանակ են տրամադրում պրոդուկտի զարգացմանը: Մեզ դուր է գալիս նրանց զարգացման ճանապարհի մասը լինել»,- նշել է նա:

HIVE-ի գործընկեր Ադամ Կաբլանյանն իր հերթին նշել է, որ հիմնադրամը ներդրում է կատարում միայն ստարտափներում եւ ոչ երբեք հասուն կապիտալում:

«Վերջին տարում կտրուկ ավելացել է ստարտափների թիվը: Սա շատ ողջունելի է եւ մեզ ընտրության ավելի մեծ հնարավորություն է տալիս: Ինչ վերաբերում է ստարտափների որակին, դժվար է խոսել այդ մասին, քանի որ երբեք չգիտես, թե որ ստարտափները հաջողակ կդառնան: Գուցե այս պահին ինչ-որ ստարտափ բարձր որակ չունենա, սակայն երկու տարի անց դառնա շատ հաջողակ: Այնպես որ բոլոր ստարտափներին հավասար ենք նայում, որովհետեւ երբեք չգիտես, թե ով արդյունքում կհաղթի: Եթե անգամ մենք ներդրում չենք իրականացնում ստարտափում, ցանկանում ենք նրանց խրախուսել, կրթել: Այս միջոցառումն էլ հենց այդ նպատակի համար է»,- պատմել է HIVE-ի գործընկերը:

Նարինե Դանեղյան