12:48 | 10.10.16 | Նորություններ | 3675

Երեւանում կայացել է ISTC Think Day with Academia միջոցառումը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ IBM Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին կայացել է ISTC Think Day with Academia միջոցառումը, որի նպատակն էր մատչելի դարձնել տեխնոլոգիական գիտելիքը Հայաստանում, խթանել տեխնոլոգիական կրթությունը եւ շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստել:

ISTC Think Day with Academia-ի  ընթացքում տեղի է ունեցել ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը: ISTC Ակադեմիա ուսումնական ծրագիրն անցկացվում է 2-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 32 ուսանող տարբեր համալսարաններից: 4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների 2 հիմնական ուղղությամբ՝ տեխնոլոգիական ու բիզնես: Այնուհետեւ մասնակիցներից ձեւավորվել են թիմեր, որոնք աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա: Միջոցառման ընթացքում մասնակից թիմերը ներկայացրել են իրենց նախագծերը, ինչպես նաեւ ստացել ծրագրի մասնակցության վկայականներ:   

«Մեր թիմը ստեղծել է Shopping Adviser նախագիծը, որը բջջային հավելվածի միջոցով հնարավորություն է տալիս մարդկանց հեշտ եւ արագ կատարել գնումներ: Այցելուն հավելվածում նշում է ապրանքը, գույնը, ձեւը, չափսը, գնային սահմանը, եւ հավելվածը նրան ուղեցկում է դեպի այն խանութը, որտեղ առկա է նշված տվյալներին համապատասխան ապրանքը»,-  նախագիծը ներկայացրել է Jarvis թիմի անդամ Մարիամ Սիմոնյանը, որը Երեւանի պետական համալասարանի Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի է:

«Menony թիմը, որը բաղկացած է 5 հոգուց, մշակում է հավելված՝ Ռոբոտ հոգեբան: Այն օգնում է մարդուն իր առօրյա հոգեբանական խնդիրները լուծելու հարցում, իսկ երբ ռոբոտը մարդու մոտ նկարտում է ավել խորը հոգեբանական խնդիրներ, նրան առաջարկում է դիմել իրական հոգեբանին»,- նախագծի մասին պատմել են թիմի անդամներ Անժելա Իսակովան եւ Վիկտորյա Մարկոսյանը:

ISTC Think Day with Academia-ի միջոցառման շրջանակում քննարկվել են նաեւ ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների եւ հետազոտական ինստիտուտների զարգացման միտումներն ու առկա խնդիրները:

Հաջողակ ուսանողները հնարավորություն կստանան մասնակցելու պրակտիկայի ծրագրին, ստեղծել սեփական ստարտափը, աշխատել ISTC կենտրոնի գործընկեր կազմակերպություններում կամ դառնալ կենտրոնի հետազոտական խմբի անդամ: