16:48 | 26.09.16 | Նորություններ | 13860

Ucom-ի աջակցությամբ Կողբում «Թումո» կկառուցվի

Սեպտեմբերի 24-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի է ունեցել «Կողբ» կրթության, մշակույթի եւ սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված շնորհանդես-միջոցառումը:

Փոխըմբռման հուշագրեր են ստորագրվել «Կողբ» հիմնադրամի, Տավուշի մարզպետարանի, Ucom ընկերության եւ «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության միջեւ։

Միջոցառման ընթացքում «Կողբ» հիմնադրամի տնօրեն Արթուր Աբովյանը եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել են «Թումո-Կողբ» նախագծի մանրամասները։ Ըստ բանախոսների՝ Տավուշի մարզի Կողբ գյուղում առնվազն 600 ուսանողի համար նախատեսված նոր «Թումո» կենտրոն կկառուցվի, որը կծառայի նաեւ սահմանամերձ Նոյեմբերյան, Բերդավան եւ այլ համայնքների պատանիներին եւ երիտասարդներին:

Կենտրոնի շինարարությունը կմեկնարկի նոյեմբերին, իսկ ուսումնական գործընթացը կսկսի 2018թ.: Կրթական ծրագիրը չի տարբերվելու Երեւանի, Դիլիջանի, Գյումրիի եւ Ստեփանակերտի Թումոներում իրականացվող ծրագրից, իսկ դասավանդող անձնակազմն ու միջազգային մասնագետները կշարունակեն կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով նաեւ այստեղ:

«Վերջին տարիներին Ucom-ը հետեւողականորեն իրականացնում է կրթական համալիր ծրագրեր դպրոցական տարիքի երեխաների համար: Քաջ գիտակցելով տարբեր բնակավայրերում նրանց անհամաչափ հնարավորությունները, մենք ուշադիր ենք հատկապես բարձր տեխնոլոգիաների սահմանափակ հասանելիությամբ  բնակավայրերի նկատմամբ: Որպես հայկական ընկերություն, Ucom-ն այսօր բոլոր ջանքերն ուղղում է հայրենիքի, հայ մարդու եւ, մասնավորապես՝ հայ պատանիների զարգացմանը»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։