14:03 | 26.09.16 | Նորություններ | exclusive 6838

GenerationS-ը հոկտեմբերի 1-ին հետաքրքիր ստարտափներ «կփնտրի» Երեւանում

Հոկտեմբերին 1-ին Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ստարտափ աքսելերատոր GenerationS-ը եւ նրա գործընկերները ԴիջիԹեք ցուցահանդեսի շրջանակում կհանդիպեն հայկական ստարտափ համայնքի ներկայացուցիչների հետ:

Itel.am-ին միջոցառման կազմակերպիչ Rusbase ընկերությունից տեղեկացրել են, որ հանդիպմանը ելույթով հանդես կգան Ռուսական վենչուրային ընկերության գործադիր տնօրենի տեղակալ եւ GenerationS-ի տնօրեն Գյուլնարա Բիկուլովան եւ Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի Տեխնոլոգիական ձեռներեցության ֆակուլտետի դեկան Իվան Դեմենտեւը:

Միջոցառումը կմեկնարկի 13.00-ին: Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ:

«Մենք փնտրում ենք ընկերություններ, ստարտափներ կամ տեխնոլոգիաներ, որոնք հետաքրքիր կլինեն Мортон ընկերությանը՝ Smart City նախագծի շրջանակում: Նախագծում ներառված են շատ տեխնոլոգիաներ: Եվ նրանց բոլորի նպատակն է փոխել քաղաքացիների կյանքը դեպի լավը, այն ավելի հարմարավետ դարձնել՝ տանից եւ տրանսպորտից մինչեւ տնտեսություն եւ էկոլոգիա»,- նշել են Rusbase-ում:

Ստարտափներին կներկայացվեն GenerationS-ի աքսելերացիոն ծրագրերին դիմելու մանրամասները, ինչպես նաեւ կխոսվի, թե ինչպիսի ստարտափներ եւ տեխնոլոգիաներ են ներկայում պահանջված ռուսական աքսելերատորների կողմից:

Մասնակիցները կունենան հնարավորություն հարցեր տալու եւ ներկայանալու Ռուսական վենչուրային ընկերության եւ շինարարական Мортон ընկերության ներկայացուցիչներին: Ցանկության դեպքում ստարտափները կարող են մասնակցել փիչինգի, որի մասին նախապես պետք է նշել գրանցման հայտում:  

GenerationS-ը հիմնադրվել է Ռուսական վենչուրային ընկերության կողմից 2013թ.: Վերջինս ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից եւ հանդիսանում է Ռուսաստանի գլխավոր գործիքներից մեկը՝ սեփական ինովացիոն համակարգերը ստեղծելու նպատակով:  

Itel.am-ի հարցազրույցը Smart City ծրագրի իրականացնող Rusbase ընկերության գործադիր տնօրեն Մարիա Պոդլեսնովայի հետ կարող եք կարդալ այստեղ: