17:57 | 23.09.16 | Նորություններ | 3255

Մեկնարկել է Tech for Autism ծրագիրը

Այսօր մեկնարկել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության եւ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած եւ «Աուտիզմ ազգային հիմնադրամի» հետ համատեղ իրականացվող «Տեխնոլոգիաներն առանց սահմանների» (Tech for Autism) ծրագիրը:

Ծրագրի նպատակն է Հայաստանում աուտիզմ համախտանիշ ունեցող անձանց համար առաջին անգամ կազմակերպել ՏՀՏ դասընթացներ, ապահովել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում եւ հետագայում աջակցել նրանց աշխատանքի տեղավորման գործընթացին, մասնավորապես Հայաստանում գործող ՏՀՏ ոլորտի կազմակերպություններում։

«Հաշվի առնելով ՀՀ առաջին Տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մշտական եւ շարունակական ուշադրությունը սահմանափակ կարողություններով տեր անձանց, մասնավորապես նրա ներդրումը «Աուտիզմ ազգային հիմնադրամի» ստեղծման եւ զարգացման գործում` պատահականական չէ, որ այս ծրագրի մեկնարկից առաջ դիմեցինք ստանալու նրա համագործակցությունը եւ հավանությունը։ Շնորհակալություն ենք հայտնում տիկին Սարգսյանին մեր խնդրանքը չմերժելու եւ համագործակցությանը օժանդակելու համար։ Համոզված ենք, որ այս ծրագիրը կնպաստի աուտիզմ համախտանիշ ունեցող երիտասարդների աշխատանքի տեղավորման գործընթացին, մասնավորապես Հայաստանում գործող ՏՀՏ ոլորտի կազմակերպություններում»,- նշել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը:  

Ծրագիրը նախատեսվում է իրականցնել երեք փուլով։ Առաջին փուլի ընթացքում տեղի կունենա մասնակիցների ընտրություն եւ համապատասխան խմբերում նրանց ներկայացնում: Դրան կհաջորդեն  դասընթացները, որոնց ընթացքում ՏՀՏ ոլորտի մասնագետները, խորհրդակցելով հատուկ մանկավարժների եւ հոգեբանների հետ, կաշխատեն երիտասարդների հետ։ Ծրագրի երրորդ փուլի ընթացքում կկատարվի մասնակիցների ներկայացում աշխատաշուկային։