14:08 | 19.09.16 | Նորություններ | 4591

Վեբ անվտանգության մարտահրավերները՝ Անկախության 25-ամյակին ընդառաջ

Սեպտեմբերի 17-ին Երեւանում OWASP նախաձեռնության հայաստանյան մասնաճյուղը կազմակերպել էր վեբ անվտանգության ոլորտին նվիրված ARMSec կոնֆերանսը:

Արդեն 3-րդ անգամ անցկացվող համաժողովին մասնակցել է շուրջ 200 մարդ:  

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ կոնֆերանսին ընդգրկել է թեմաների լայն շրջանակ՝ ոլորոտային քաղաքականության մոտեցումներից մինչեւ կոնկրետ տեխնիկական հարցեր:

Անդրադառնալով ՀՀ Անկախության 25-ամյակի միջոցառումներին ընդառաջ Ադրբեջանի կողմից հնարավոր հաքերային հարձակումների մասին լուրերին՝ փորձագետը նշել է, որ դժվար է կանխատեսել, թե կոնկրետ ինչ լրջության հարձակումներ են պատրաստվում:

«Ադրբեջանցիները վերջերս անկանխատեսելի են դարձել: Երբեմն լուրջ բաներ են անում, երբեմն օրինակ՝ կես տարով լռում են: Բայց կոնկերտ DDօS հարձակումների տեսանկյունից կա հետեւյալ միտումը: Եթե կարեւոր իրադարձություն է մոտենում, որը կարող է մեդիա դաշտում տարածվել, ապա միանշանակ փորձում են լռեցնել լրատվականներին: Հաշվի առնելով զորահանդեսի անցկացումը եւ այն հանգամանքը, որ այն քարոզչական բնույթ է կրելու, ամենայն հավանականությամբ, թիրախը կլինեն լրատվականները»,- նշել է Սամվել Մարտիրոսյանը:  

ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» (ՀԿՏԿ) փորձագետ Ռուբեն Մուրադյանը ARMSec կոնֆերանսի շրջանակում վարել է լրատվական կայքերի վրա DDօS հարձակումներից պաշտպանվելու վերաբերյալ վարպետության դաս:

Ռուբեն Մուրադյանը նշել է, որ մասնագետները պետք է հասկանան, որ իրենց կողքին կան մարդիկ, որոնք, եթե անհատապես չեն կարողանում գրոհներից պաշտպանվել, ապա կա ինչ-որ մեկը կամ խումբ, որոնք կաջակցեն իրենց:

«Վեբ կայքերն աշխատում են մարդկանց տեղեկատվություն հաղորդելու համար: Երբ տեղի են ունենում DDօS հարձակումներ կամ անվտանգությանը սպառնացող ցանկացած այլ տեսակի  գրոհներ, ապա մարդիկ սկսում են կամ թերի ստանալ ինֆորմացիան, կամ էլ ընդհանրապես չստանալ: Որպեսզի նման բաներ չկրկնվեն, 2012-ից պարբերաբար նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում, որպեսզի վեբկայքերի տերերը նախ հասկանան, թե որոնք են անվտանգության արդի խնդիրները, եւ երկրորդ, ինչպես է պետք այդ խնդիրներից էֆեկտիվ, այլ ոչ թե ձեւական պաշտպանվել»,- նշել է նա:

Ռուբեն Մուրադյանի խոսքով՝ իրենք իրազեկում եւ բացատրում են, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի կայքը նորմալ աշխատի, եւ դժվարություններ չառաջանան լրատվությունն աշխարհին հասցնելու հարցում:

«Այո, կա տեղեկատվություն, որ ադրբեջանական հաքերները ձեռնարկելու են մի շարք քայլեր, որ հայկական տեղեկատվությունն այդ օրը չտարածվի: Ի՞նչ է պետք անել՝ մասնակցել նմանատիպ թրեյնինգների: Եթե ամեն դեպքում կան հարձակումներ, պետք է կապվել նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի կենտրոնի հետ, որպեսզի գրոհներին ճիշտ, կոռեկտ եւ արագ պատասխան տրվի: Եթե մարդիկ ձեռնարկեն կոնկրետ միջոցներ, կայքերի աշխատանքը չի խափանվի»,- բացատրել է Ռուբեն Մուրադյանը:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 20-ի եւ 21-ին ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն»-ում կհերթապահեն համապատասխան մասնագետներ, եւ կգործի թեժ գիծ՝ 060407040 հեռախոսահամարով: