12:26 | 02.09.16 | Նորություններ | 4353

Մեկնարկել է ԻՏՁՄ-ի եւ «Ինստիգեյթ»-ի «Համակարգերի տեսություն» ծրագիրը

Սեպտեմբերի 1-ին մեկնարկել է «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) կրթական նոր ծրագիրը, որն իրականացվում է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության թույլտվությամբ (N837 Ա/2):

Ինչպես հայտնել են ԻՏՁՄ-ում, ծրագրի բացմանը մասնակցել են նախարարի խորհրդական Արտակ Աղաբալյանը, «Ինսթիգեյթ»-ի տնօրեն Վահագն Պողոսյանը, ԻՏՁՄ-ի նախագահ Ալեքսանդր Եսայանն ու փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

«Կրթական ծրագրին մասնակցող 18 աշակերտներն ուսումնական տարին կսկսեն ճանաչողական 5-օրյա արշավով, որը նրանց հնարավորություն կտա ընկերանալ եւ, միաժամանակ, ծանոթանալ հայկական բնաշխարհին»,- ասված է հաղորդագրությունում:

ԻՏՁՄ-ում նշել են, որ ուսման տեւողությունը չորս տարի է. առաջին տարին, որը կանցկացվի Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջում, ներառելու է հանրակրթական ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական ծրագիրը, իսկ հաջորդ երեք տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն» մասնագիտության ծրագրին համապատասխան։

4-ամյա ծրագրի ավարտին ուսանողները կստանան ՀՀ հանրակրթության միջնակարգ ընդհանուր կրթության վկայական եւ «Համակարգերի տեսություն» մասնագիտական որակակավորում։