11:01 | 30.08.16 | Նորություններ | 3194

«Իդրամ» հաշվին արդեն հնարավոր է կցել բանկային քարտեր

«Իդրամ» վճարային համակարգը գործարկել է հաշվառման հաշվին բանկային քարտ կցելու ծառայությունը:

Ինչպես նշել են ընկերությունում, համակարգում մեկ անգամ մուտքագրելով բանկային քարտի տվյալները եւ այն կցելով հաշվին` օգտատերերը հնարավորություն կստանան ավտոմատ համալրելու «Իդրամ» հաշվառման հաշիվը կցված քարտից՝ վճարումներ կատարելիս ընտրելով բանկային քարտը որպես վճարման միջոց:  

«Այս ծառայությամբ համակարգը բացառիկ հնարավորություն է ընձեռում ՀՀ բոլոր բանկերի քարտապաններին` իր միջոցով իրականացնելու առցանց վճարումներ եւ փոխանցումներ իրենց բանկային քարտերի հաշիվներից վայրկյանների ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունում տեղեկացրել են, որ օգտատերերը կարող են «Իդրամ» հաշվառման հաշվին միաժամանակ կցել ՀՀ բանկերի կողմից թողարկված մինչեւ 10 քարտ (ArCa, MasterCard եւ Visa):

Կցված բանկային քարտերի տվյալները պահպանվում են ԱրՔա համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:

Ծառայությունն արդեն գործում է www.idram.am կայքում, նաեւ iOS եւ Android հարթակներում հասանելի բջջային հավելվածում՝ «Իդրամ» դրամապանակում: