10:54 | 30.08.16 | Նորություններ | exclusive 7135

TECHNOCAMP-ի շրջանակում 50 պատանի ծրագրավորում է սովորել

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ Հայաստան) ամփոփել է TECHNOCAMP ծրագրավորման ամառային ճամբարը՝ 10-14 տարեկան շուրջ 50 պատանիների համար։

ՄԻԿ Հայաստանից Itel.am-ին պատմել են, որ 5 շաբաթների ընթացքում ճամբարում ընդգրկված մասնակիցները սովորել են վեբ ծրագրավորման հիմունքներ, տեխնոլոգիական անգլերեն եւ հաղորդակցական հմտություններ։ Դասերի ընթացքում նրանք ստեղծել են իրենց առաջին վեբկայքերը, ուսումնասիրել աշխարհում գործող տարբեր ՏՏ ընկերությունների գործունեությունը, սովորել, թե ինչ է տեխնոլոգիական ձեռներեցությունը եւ թե ինչպես կարելի է պրոդուկտը ներկայացնել շուկայում։

photo © ՄԻԿ Հայաստան


Ճամբարի ընթացքում մասնակից պատանիներն այցելել են Հայաստանում գործող մի շարք ՏՏ ընկերություններ, ծանոթացել վերջիններիս գործունեությանը, մշակած պրոդուկտներին, եւ այն միջավայրին, որտեղ աշխատում են ծրագրավորողները։

ՄԻԿ Հայաստանի կրթական ծրագրերի համակարգող Սոնա Մարտիրոսյանը նշել է, որ ծրագրի արդյունքում մասնակիցներից շատերը որոշել են ծրագրավորումը որպես մասնագիտություն ընտրել:

photo © ՄԻԿ Հայաստան


«Այցերի համար մենք ընտրել էինք այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են PicsArt-ը, Joomag-ը, որոնք աշխարհում հայտնի են իրենց պրոդուկտներով։ Մասնակիցներից շատերը չգիտեին, որ աշխարհահռչակ այդ պրոդուկտները մշակվում են Հայաստանում։ Տեսնելով արդեն կայացած ընկերություններին՝ մասնակիցներից շատերը սկսեցին մտածել սեփական ստարտափը հիմնելու, նոր պրոդուկտ մշակելու մասին։ Մասնակիցները հյուրընկալվեցին նաեւ SFL ընկերությունում»,- տեղեկացրել է Սոնա Մարտիրոսյանը։

«Մեզ սովորեցնում էին ընտրել մեր մտքերից լավագույնն ու առաջ գնալ՝ դեպի դրանց իրականացում: Ես առաջին անգամ սկսեցի «կոդ գրել», այսինքն հրահանգներ տալ համակարգչին։ Առաջին անգամ համակարգիչն օգտագործեցի ոչ միայն որպես սպառող, այլեւ ինչ-որ բան արտադրող»,- պատմել է ծրագրի մասնակից Արամ Պետրոսյանը։

photo © ՄԻԿ Հայաստան


Ճամբարները եզրափակվել են փակման արարողությամբ, որի ընթացքում պատանիներն իրենց ծնողներին ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքը՝ 5 շաբաթների ընթացքում մշակած իրենց վեբկայքը։

ՄԻԿ Հայաստանում նշել են, որ ճամբարների հաջողությամբ ոգեւորված՝ մշակել են նոր ուսումնական ծրագրեր՝ 10-16 տարեկան պատանիների համար: Ծրագրերի մեկնարկը նախատեսված է սեպտեմբերին։