14:09 | 26.08.16 | Նորություններ | 2878
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ 2016 թ. առաջին վեց ամիսներին համացանցում վարակման ռիսկի են ենթարկվել հայաստանցի օգտատերերի 30%-ը։ Նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկել միջին հաշվով 11 վեբ-սպառնալիք։
Տվյալներն ստացվել են Kaspersky Security Network ամպային ենթակառուցվածքի օգնությամբ, որը միավորում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտպանական պրոդուկտների օգտատերերին եւ թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում տեղեկատվություն ստանալ արդիական կիբեռսպառնալիքների մասին:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ում նշել են, որ անգամ այն դեպքում, երբ սարքը չունի ելք դեպի համացանց, դրա վարակվելու ռիսկը մեծ է մնում։
«Համացանցին միացած ստացիոնար եւ շարժական սարքերի օգտագործումը՝ լինի դա անհատական համակարգիչ, Mac օպերացիոն համակարգով աշխատող սարք, սմարթֆոն կամ պլանշետ, օգտատերերի համար հղի է տեղեկատվական սպառնալիքների տարբեր տեսակների հետ բախումով։ Կիբեռհանցագործների զինանոցում են տարբեր տեսակի վնասաբեր գործիքներ, որոնք թույլ են տալիս մուտք գործել սարքեր՝ դրանց տերերի միջոցները կամ անհատական տվյալները գողանալու համար։ Վնասաբեր ծրագիրը համակարգիչ կարող է թափանցել, օրինակ, հանվող կրիչների միջոցով։ Վարակման նման եղանակը, որը կոչվում է տեղային, նույնպես լուրջ սպառնալիք է Հայաստանում։ Այդ ռիսկին տարվա սկզբից ենթարկվել են օգտատերերի 61%-ի սարքերը, իսկ մեկ համակարգչում հայտնաբերվել է միջին հաշվով 22 սպառնալիք»,- նշված է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածած հաղորդագրությունում:
Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը պարզաբանել է, որ օրեցօր վնասաբեր ծրագրերի քանակն աճում է, եւ դրանք ավելի բարդ ու հզոր են դառնում։
«Անհոգություն եւ անուշադրություն դրսեւորելով ու կասկածելի վեբ-հղումով անցնելով կամ անհայտ ուղարկողի նամակին կցված նիշքը (ֆայլ) բացելով, օգտատերը ռիսկ է անում իր համակարգիչ ներբեռնել բազմաթիվ վնասաբեր ծրագրերից որեւէ մեկը եւ այդպիսով վտանգի ենթարկել իր արժեքավոր տվյալները։ Սպառնալիքը սարք կարող է թափանցել նաեւ հանվող կրիչների՝ ֆլեշների, ֆոտոխցիկների հիշողության քարտերի, հեռախոսների, արտաքին կոշտ սկավառակների միջոցով։ Համակարգչով աշխատանքի ժամանակ առաջացող ցանցային եւ տեղային ռիսկերից եւ դրանց հետ կապված խնդիրներից խուսափել կարելի է հուսալի պաշտպանական լուծման օգնությամբ, որն օժտված է նոր, դեռեւս լայնորեն չտարածված սպառնալիքների հատկորոշման տեխնոլոգիաներով»,-նշել է Արմեն Կարապետյանը: