11:01 | 19.08.16 | Նորություններ | 1672

Ներկայացվել են հրդեհային անվտանգության եւ տեսահսկման նորարար մեթոդներ

Օգոստոսի 18-ին Ծաղկաձորում կայացել է «Անվտանգության ժամանակակից համակարգեր» 3-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում էր ՀՀ ԱԻՆ անձնակազմը, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ 10 երկրի շուրջ 50 ներկայացուցիչ:

«Ինտեգրված որոշումներն անվտանգության համակարգում» խորագրով համաժողովը կազմակերպել էր ռուսական «Գրուպա Կոմպանիի Ռուբեժ» ընկերությունը՝ հայկական «ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» եւ «Նորմակոմ» ընկերությունների աջակցությամբ: Առաջին նմանատիպ համաժողովն անցկացվել էր ՌԴ-ում 2014թ., իսկ երկրորդը՝ 2015 թ-ին՝ Ղազախստանում:

Համաժողովի հիմնական նպատակն էր մասնակից երկրների տարբեր կազմակերպությունների մասնագետների եւ փորձագետների միջեւ փորձի փոխանակումը, նորարարությունների եւ նորագույն սարքավորումների ներկայացումը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են հրդեհային անվտանգության եւ տեսահսկման ուղղությամբ ձեռքբերումներն ու նոր մեթոդների կիրառումները:

«ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Ծատուրյանն իր խոսքում նշել է, որ արդեն 3 տարի անցկացվող միջազգային համաժողովը նպաստում է ԱՊՀ անդամ երկրների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը եւ փորձի փոխանակմանը:

«Տեխնոլոգիաների զարգացումն այնքան արագ է ընթանում, որ պահանջվում է, որպեսզի անվտանգության բոլոր համակարգերը՝ եւ՛ հակահրդեհային, եւ՛ ընդհանուր անվտանգության, եւ՛ տեսահսկման, եւ՛ մուտք-ելքի վերահսկողության, լինեն ընդհանուր, միասնական ու համակցված: Այսօր ներկայացվում են նաեւ նման տարբերակներ: «Ռուբեժ» ընկերությունն այս ոլորտում ռուսական ամենախոշոր ընկերություններից է, որը գերիշխող է ՌԴ-ի ու տարածաշրջանի երկրների շուկաներում»,- ասել է Վահագն Ծատուրյանը:

«Ռուբեժ» ընկերության փոխտնօրեն Ռուսլան Բիսենգալիեւը համոզմունք է հայտնել, որ այսպիսի առողջ բանավեճերի ու քննարկումների արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել անվտանգության ոլորտի արտադրության որակն ու արդյունավետությունը:

«Կարծում եմ՝ այս համաժողովի թեման ամենաարդիական հարցերից է: Այդ պատճառով այսօր ներկա են մասնագետներ տարբեր երկրներից, մի շարք գիտահետազոտական ինստիտուտներից, առեւտրի կենտրոնների ներկյացուցիչներ, կարճ ասած, բոլոր նրանք, ովքեր կապ ունեն այս ոլորտի հետ: Համաժողովի ավարտին մենք իմի կբերենք արդյունքները եւ, բնականաբար, կընտրենք հաջորդ տարվա համաժողովի թեման ու անցկացման վայրը»,- տեղեկացրել է նա:

Նշենք, որ 2012 թ. ՀՀ ԱԻ նախարարության հետ համատեղ «ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունը ստեղծել եւ ներդրել է Հայաստանում հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգ: Այն ապահովում է հակահրդեհային վերահսկում առցանց ռեժիմում, օրը 24 ժամ: