17:24 | 12.08.16 | Նորություններ | exclusive 39140

Հայկական ստարտափները կմրցեն Սեւանում

Օգոստոսի 18-24-ը Սեւանում կկայանա Sevan Startup Summit յոթօրյա տեխնոլոգիական ճամբարը, որը կմիավորի Հայաստանի ստարտափ համայնքին:

Վրանային համաժողովը կազմակերպել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը:

Itel.am-ի հետ զրույցում «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանը պատմել է, որ համաժողովին կմասնակցեն նաեւ կայացած ձեռներեցներ, խորհրդատուներ, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ եւ ոլորտի այլ դեմքեր, որոնք շուրջ 30 թիմերին կօգնեն զարգացնել իրենց գաղափարները:

«Մասնակիցները կստանան հնարավորություն՝ ծանոթանալու ստարտափ աշխարհին, պատրաստ լինելու գործնականում օգտագործել ստացված գիտելիքները։ Ուսուցման գործընթացը կլինի ոչ ֆորմալ, ինչը կավելացնի օգուտները: Բացի այդ, մասնակիցները կկարողանան հանդիպել տարաբնույթ մարդկանց հետ՝ սկսած գործընկերներից, վերջացրած հավանական ներդրողներով, ինչը թույլ կտա նրանց զարգացնել շփվելու հմտություններ եւ կապեր հետագա համագործակցության համար։ Արդյունքում՝ թիմերը խորհուրդների եւ առաջարկների հիման վրա կվերաձեւակերպեն սեփական գաղափարները, որոշ դեպքերում էլ տեղում կկարողանան մշակել նախատիպային մոդել»,- պատմել է նա:

Տիգրան Պետրոսյանը նաեւ տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակում օգոստոսի 21-ին կայանալու է Sevan Startup Battle-ը:

«Նախնական փուլում (early stage) գտնվող 10 ստրատափ հնարավորություն կստանա պայքարել $5000 մրցանակի համար: Յուրաքանչյուր թիմ կունենա 4 րոպե ժամանակ՝ փիչինգի եւ 3 րոպե՝ հարցերին պատասխանելու համար: Մասնակցել կարող են միայն այն ստարտափները, որոնց ստացած վենչուրային կամ հրեշտակային ներդրումը չի գերազանցում $100 000-ը: Հայտերը հարկավոր է ուղարկել info@startupfund.am հասցեին:

Տեխնոլոգիական ճամբարի շրջանակում հնարավորություն կտրվի նաեւ սաղմնային փուլում (seed stage) գտնվող 30 ստարտափների մրցելու $2500 մրցանակի համար: Երեք ռաունդից բաղկացած մրցույթում յուրաքանչյուր ստարտափ կունենա 1 րոպե իր գաղափարը պրոֆեսիոնալ ժյուրիին ներկայացնելու համար»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

Sevan Startup Battle-ի ժյուրիում, Տիգրան Պետրոսյանի խոսքով, տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ են, որոնք Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մաս են կազմում: Ներկա են լինելու նաեւ ներդրողներ արտերկրից:

Ճամբարին մասնակցությունը բաց է, սակայն հարկավոր է գրանցվել: