12:43 | 25.07.16 | Նորություններ | 5119

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ավագ դպրոցներում կդասավանդեն «Հեռահաղորդակցության հիմունքներ»

ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների կողմից անցած տարի գործարկված պիլոտային ծրագիրն այս տարի ընդլայնվում է։

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ստորագրել է փոխըմբռնման հուշագիր ՏՀՏ գործատուների միության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա եւ Յունիքոմփ ընկերությունների հետ:

Հուշագրի նպատակն է բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը, ինչպես նաեւ ներմուծել ընկերությունների՝ տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը:

Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաեւ՝ մշակելու եւ հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաեւ իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը:

Փոխըմբռնման հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրի իրականացումը եւս 5 ուսումնական հաստատություններում: