11:48 | 23.07.16 | Նորություններ | 6078

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգեւատրել է «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին

«Հայաստանի պատանեկան նվաճումների» ամենամյա ամառային ճամբարում մարզերի ավելի քան 150 աշակերտ մասնակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջադրած «Բիզնես-առաջադրանք» մրցույթին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի եւ կրթության միջեւ երկխոսություն ստեղծելն ու դրանով ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների եւ նորարարական մտածելակերպի զարգացումը խթանելն է:
 
Ճամբարականներին ներկայացվել էր հետեւյալ բիզնես-առաջադրանքը. հավելյալ ծառայություններ առաջարկել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի «Viva» սակագնային պլանների համար: Ուսումնասիրելով «Viva» սակագնային պլանները՝ ճամբարականները փորձել են գոյություն ունեցող ցանկը համալրել բաժանորդների համար առավել գրավիչ նոր ծառայություններով:

Ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ եւ դրանք ներկայացնեին գնահատող հանձնաժողովին, որի կազմում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բիզնես-կառավարումը մի շղթա է, որտեղ բիզնես նպատակներից բացի՝ անչափ կարեւոր է սպառողին հարմարավետ, ճկուն, գրավիչ  արդյունք ներկայացնելը: Ընդ որում՝ այնպես, որ դրա հիմքում լինի եւ՛ կազմակերպության որդեգրած արժեհամակարգը, եւ՛ մրցակցային լինելու պարտադիր պայմանը, եւ՛ պատասխանատու մոտեցումը, եւ՛ երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու ռազմավարությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին նվիրել է Alcatel Pixi 4 սմարթֆոններ: