13:49 | 21.07.16 | Նորություններ | 6247
Հայաստանը ներկայացնող 10 ստարտափ առաջին անգամ հնարավորություն կստանա մասնակցել հոկտեմբերի 6-10-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք Start-up Istanbul ֆորումին:
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II» ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբի եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի կողմից ընտրված ստարտափները՝ այլ երկրների շուրջ 500 ստարտափերի, 500 ներդրողների, 4000 մասնակիցների եւ 50 բանախոսների հետ կմասնակցեն միջոցառման բոլոր փուլերին:
Ծրագիրն ընդգրկում է երկօրյա մենթորության դասընթաց, Startup Challenge-ի հարցազրույցի մասնակցություն (ընտրվելու դեպքում՝ Startup Challenge-ին), ստարտափերի ցուցահանդես (առանձին տաղավարում ներկայացնելով սեփական ընկերությունը եւ Հայաստանի ՏՀՏ Էկոհամակարգը), ինչպես նաեւ Start-up Istanbul ամենամյա համաժողով:
Ընտրված մասնակիցների ճանապարհածախսը, կեցությունը եւ սնունդը կհոգա Հանրային լրագրության ակումբը: Ընտրված մասնակիցները պարտավոր են նախապատրաստել Ստարտափերի ցուցահանդեսում իրենց տաղավարի համար համապատասխան գովազդային ու իրազեկման նյութեր եւ հոգալ դրանց ծախսերը:
Start-up Istanbul տարածաշրջանային ֆորումի հայտը հասանելի է այստեղ: Վերջնաժամկետը օգոստոսի 21-ն է:
Կարող են դիմել հայկական բոլոր ստարտափերը, որոնք ընդգծված հաջողության են հասել առնվազն մեկ կամ մի քանի նորարար գաղափարներ իրագործելու մեջ, ունեն գործող պրոդուկտ/նախատիպ, գործունեություն են ծավալում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, իսկ ստարտափը ներկայացնող մասնակիցը գերազանց գիտի անգլերեն: