06:47 | 18.07.16 | Նորություններ | exclusive 6973

Ալ Եսայանը FAST հիմնադրամի գործարկումը «արժեքավոր հանձնառություն» է որակել

ԱՄՆ-ում գործող IntelinAir ընկերության հիմնադիր, գործարար Ալ Եսայանը «հիանալի եւ արժեքավոր հանձնառություն» է որակել Ռուբեն Վարդանյանի կողմից Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկումը:

Խոսելով հիմնադրամի մասին՝ Ռուբեն Վարդանյանը, մասնավորապես, ասել էր.

«Խոսքը պետք է գնա յուրատեսակ «լայն կոալիցիայի» մասին, որի մասնակիցները կլինեն կրթական կազմակերպությունները, առաջատար ՏՏ-ընկերությունները եւ մասնագիտական միավորումները, կապի օպերատորները»:

Ալ Եսայանը նշել է, որ հիմնադրամի գործարկումը «ճիշտ ժամանակին» է կատարվում, եւ նախաձեռնության «թափանցիկ եւ պրոֆեսիոնալ» իրականացման դեպքում գործընթացին կարող է մասնակցել ամբողջ ազգը:

«Միայն մի «բայց» կա՝ ինչպե՞ս է կառավարվելու հիմնադրամը, ինչպե՞ս է ֆինանսավորվելու, ինչպե՞ս է ապահովվելու օտարազգիների մասնակցությունը, եթե, իհարկե, նման անհրաժեշտություն առաջանա»,- ընդգծել է Ալ Եսայանը:

Գործարարի խոսքով՝ ամենակարեւոր քայլն ամբողջ աշխարհից լուրջ հետազոտողներ ներգրավելն է, եւ վստահ լինելը, որ նրանք լավ կվարձատրվեն:

«Հեռու չէ այն միտքը, որ խնդրենք աշխարհի 100 թոփ պրոֆեսորների 1-2 տարվա ուսումնական արձակուրդ վերցնել՝ Հայաստան գալու եւ այստեղ իրենց լաբորատորիաները ստեղծելու համար»,- նշել է Ալ Եսայանը: