08:56 | 27.06.16 | Նորություններ | exclusive 44413

Earlyone-ը՝ Seedstars Երեւանի հաղթող

Հունիսի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Seedstars Երեւան-ի եզրափակիչը, որի հաղթող է ճանաչվել Earlyone ստարտափը։

Թիմը մշակել է հավելված, որը հնարավորություն է տալիս  բիզնեսներին կրճատել հաճախորդների սպասելու ժամանակը` այդպիսով տարեկան խնայելով շուրջ $30 հազ.։ Հավելվածը կգործարկվի արդեն հուլիսին։

Earlyone-ը 64 այլ երկրների հաղթողների հետ կմասնակցի Seedstars-ի տարածաշրջանային, ապա եզրափակիչ փուլին՝ Շվեյցարիայում, որի հաղթողը կստանա $500 հազ. ներդրում Seedstars-ից:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Bazillion Beings ստարտափը։ Այն հավելվածների այլընտրանք/ հարթակ է, որի միջոցով օգտատերերի կողմից ստեղծված բոտերը ինքնամոնետիզացվում են։

Երրորդ հորիզոնականում Qlim-ն է, որը երկկողմանի հարթակ է մեքենա ունեցողների եւ մեքենաների լվացման ոլորտի ներկայացուցիչների համար։

Մյուս ֆինալիստների մասին

Armacad – օնլայն հարթակ, որն օգնում է գտնել դրամաշնորհներ, սովորելու եւ կարիերայի հնարավորություններ։

Terreva – հավելվածը ներկայացնում է բույսերի ճանաչման գործիք: Այն օգնում է բույսերը պահել առողջ եւ կենսունակ, ինչպես նաեւ բույսերի հատուկ խնամքի խորհուրդներ է տալիս։

Embrion – սմարթ կշեռքի եւ գործողությունները գրանցող կրիչի համադրություն/ լուծում։

Evoca – հավելվածը հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից օգտատերերին արագ եւ առանց դժվարության սովորել եւ հիշել մեծաքանակ օտարալեզու բառեր եւ արտահայտություններ: 

Haystack - լիցենզավորված կրեատիվ կոնտենտի որոնման համակարգ։

LiveBoard - ինտերակտիվ գրատախտակ, որը թույլ է տալիս ձեռքի հպումով օնլայն նկարել եւ միաժամանակ զրուցել ընկերների ու գործընկերների հետ: Հարթակի մասին առավել մանրամասն՝ այստեղ:

Localz - զբոսաշրջիկների համար ստեղծված հարթակ է, որտեղ նրանք կարող են ընտրել իրենց նախընտրելի տուրը եւ ուղիղ կապ հաստատել պրոֆեսիոնալ գիդ էքսկուրսավարների հետ: Ավելին՝ այստեղ:

MovieTrip - հավելվածը ճանապարհորդներին եւ կինոյի սիրահարներին հնարավորություն է տալիս գտնել տեղեկատվություն հայտնի ֆիլմերում ներկայացված վայրերի մասին: Ավելին՝ այստեղ:

VQUICK – հավելվածը հնարավորություն է տալիս շփվել ընկերների հետ, ստեղծել ֆիլմեր, մասնակցել եւ հաղթել մրցույթներում:

Տպավորություններ ժյուրիից

Ժյուրիի անդամ, Seedstars World-ի ներկայացուցիչ Թիֆֆանի Օբսերը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ տպավորված է հայկական ստարտափների մտածողության մակարդակով. «Նրանք գլոբալ են մտածում, նրանք մտածում են աճելու մասին եւ լուծում են մի շարք կոնկրետ խնդիրներ։ Կան մի շարք լուծումներ, որ ինքս կցանկանամ տեսնել շուկայում։ Հաղթողին որոշելը բավական դժվար էր, մենք երկար քննարկում ունեցանք, եւ իսկապես բարդ էր»։

Ժյուրիի մյուս անդամ, WICASTR Limited-ի հիմնադիր եւ տնօրեն Արմին Սաիդին Itel.am-ի հետ զրույցում ասել է, որ նկատելի է ձեռներեցության եւ ստարտափների ներկայացման կտրուկ լավացում։

«Տպավորված եմ հատկապես Earlyone, Bazillion Beings Qlim եւ Localz ստարտափներով։ Եթե մեկ-երկու տարի առաջ փիչինգի ընթացքում գերակշռում էին տեքստերը, ապա այսօր տեքստի քանակը նվազել է, ավելացել են էմոցիան, պատկերները, ինչն ավելի հեշտ է դարձնում հասկանալու ստարտափի կոնցեպտը եւ տեսլականը»,- նշել է նա։

Անդրադառնալով ստարտափների թույլ տված հավանական սխալներին՝ ժյուրիի անդամն ընդգծել է տեխնոլոգիայի մասին չափից ավելին պատմելու հանգամանքը։

«Ստարտափի համար փիչինգը նպատակ ունի ցույց տալ ինչպես կարող ես արժեք ստեղծել քո հաճախորդների եւ ներդրողների համար։ Սա նրա մասին չէ, թե ինչքան լավն է տեխնոլոգիան կամ ինչպես ես այն ստեղծել։ Փիչինգից առաջ պետք է փորձես պատասխանել երկու հարցի՝ինչո՞ւ դու եւ ինչո՞ւ հիմա»,- նշել է Արմին Սաիդին։
   
Հիշեցնենք, որ մրցույթի կազմակերպիչն է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը՝ Seedstars World-ի հետ համատեղ:

Seedstars-ի տարածաշրջանային համակարգող Իգոր Օվչարենկոյի հետ Itel.am-ի հարցազրույցը հասանելի է այստեղ։

Նարինե Դանեղյան