12:14 | 22.06.16 | Նորություններ | exclusive 5339

Բագրատ Ենգիբարյան. Սիլիկոնյան հովտում Հայաստանն արդեն ճանաչված է

Հունիսի 10-ին Սիլիկոնյան հովտում կայացել է «Հայաստան. ՏՏ ֆորում»-ը (Armenia IT Forum), որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները եւ դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում:

Itel.am-ի հետ զրույցում «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանն այսօր ասել է՝ «Ֆորումը ցույց տվեց, որ Սիլիկոնյան հովտում Հայաստանը որպես երկիր արդեն ճանաչում են»:

«Հիմնականում մենք խոսում էինք, ու մեզ լսում էին: Կարծում եմ՝ երբեւէ չենք ունեցել նմանատիպ ֆորում, որտեղ այս քանակի արտասահմանցի բանախոսներ ենք ունեցել: Կարեւոր էր այն, որ մեծ քանակությամբ հայկական եւ արտասահմանյան ստարտափներ էին ներկա: Հետաքրքիր միտում էր նկատվում, որ Հայաստանից ֆորումին մասնակցելու համար ավելի շատ ստարտափներ էին եկել Սիլիկոնյան հովիտ, քան մեծ ընկերություններ, առաջ հակառակն էր»,- նշել է նա:

Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ ֆորումին մասնակցում էին ոչ միայն ՏՏ ընկերությունների եւ համալսարանների ներկայացուցիչներ, այլեւ մեծ թվով հրեշտակ ներդրողներ եւ վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ, որոնք ոչ ֆորմալ հանդիպումների շրջանակում ծանոթացել են ֆորումին ներկա հայկական ստարտափներին:

«Սա կարեւոր այցելություն էր հայկական ստարտափների համար: Գնացին՝ տեսան ինչ է կատարվում դրսում: Եթե նույնիսկ այս պահին ներդրումներ չլինեն, ապա սա շատ մեծ քայլ է դեպի ապագա ներդրումներ, քանի որ ֆորումին ներկա ստարտափները հասկացան երկու հիմնական բան՝ ինչպես վերաբերվել ներդրողներին եւ ինչպես տեղավորվել համաշխարհային շուկայում: Գիտելիքն ու փողն այնտեղ է, որքան շատ խրախուսենք մեր ստարտափներին գնալ Սիլիկոնյան հովիտ, այնքան ոգեւորված նրանք կշարունակեն աշխատել հենց Հայաստանում»,- ընդգծել է Բագրատ Ենգիբարյանը:
 
Նա ստարտափների համար Սիլիկոնյան հովիտ գնալը եւ Հայաստան վերադառնալը համեմատել է արձակուրդին ծով գնալու եւ թարմացած վերադառնալու հետ:

«Ինչպե՞ս եք ծովից թարմացած եւ ոգեւորված վերադառնում աշխատանքի, այդպես էլ, կարելի է ասել, Սիլիկոնյան հովիտը «ՏՏ ոլորտի ծովն է»»,- կատակել է ՁԻՀ տնօրենը: