14:16 | 17.06.16 | Նորություններ | 2578

Քննարկվում են Քլինթեք տարածաշրջանային հարթակի ստեղծման նախադրյալները

Այսօր մեկնարկած 9-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում ընթանում է ԱՊՀ Քլինթեք հարթակի ձեւավորմանն ուղղված տարածաշրջանային հանդիպումը:

«Հայկական Քլինթեքի երկամյա հաջողված փորձի արդյունքները ներկայացնելու ընթացքում մեկ այլ տարածաշրջանային ծրագրի շրջանակում իրականացվող խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին ԱՊՀ 6 երկրների ներկայացուցիչներ, որոշում կայացվեց Երեւանում կազմակերպել մի աշխատաժողով, որտեղ իրենք կկարողանան ամփոփել Հայաստանի փորձը, տեսնել Հայաստանի սկսնակ ձեռներեցներին եւ փորձել հասկանալ՝ արդյոք կարո՞ղ ենք ստեղծել Քլինթեք տարածաշրջանային հարթակ»,- Itel.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը:

Նա տեղեկացրել է, որ քննարկման ընթացքում կներկայացվի Հայաստանի փորձը, իսկ վաղը անդրադարձ կկատարվի ԱՊՀ այլ երկրների փորձին:

«Երեւան են եկել ներկայացուցիչներ Բելառուսից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Ուկրաինայից:
Ծրագրի մաս է կազմում նաեւ Ղազախստանը: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ներկայանում է որպես նախաձեռնության առաջնեկ: Դա նշանակում է, որ այստեղ առկա է այն ներուժը, որը կարեւոր է այլ երկրների համար եւս»,- ասել է Անահիտ Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ակնկալում են համագործակցել «Սկոլկովո»-ի, «Գրանատուս Վենչուրս»-ի եւ Hive ներդրումային հիմնադրամի հետ:

«Ուզում ենք բացել կանաչ արահետ, որը կնպաստի կանաչ եւ վերականգնվող տնտեսության մայրուղու ստեղծմանը: Մաքուր տեխնոլոգիաների ուղղության ստարտափների աջակցման հեռահար նպատակն է ապահովել կանաչ տնտեսության հիմքերը: Մենք կարծում ենք, որ որեւէ նորարարություն չպետք է մնա «գետնին»»,- եզրափակել է Անահիտ Սիմոնյանը: