07:20 | 27.05.16 | IT պատանիներ | exclusive 7857

    IT պատանիներ. Հովհաննես Վարդանյան

    Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

    Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

    Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

    15-ամյա Հովհաննես Վարդանյանը «Թումո» կենտրոնի սաներից է: Նա մասնակցել է iOS սարքերի համար նախատեսված «Զանազան» մոբայլ հավելվածի ստեղծմանը, որը հասանելի է կլինի մոտ ապագայում:  


    Հովհաննես Վարդանյանը

    Խաղի էությունը նման է մեր առօրյա «փչացած հեռախոս» խաղին: Նվազագույն խաղացողների քանակը 3-ն է: Առաջին խաղացողը խաղով ինչ-որ բան է նկարում, երկրորդը տեսնում է, թե ինչ է նկարել առաջին խաղացողը եւ փորձում գուշակել, թե ինչ է պատկերված: Երրորդ խաղացողն իր հերթին չի տեսնում, թե ինչ է նկարել առաջին խաղացողը, սակայն տեսնում է, թե ինչ է պատկերել երկրորդ խաղացողը ու փորձում է դա նկարել: Վերջում ստանում ենք նկարների շարք, որը ցույց է տալիս, թե նույն առարկան, որը պատկերել է 3 տարբեր մարդ, ինչ էվոլյուցիա է ապրել: 

    Տեխնոլոգիաներում ինձ հարմարավետ եմ զգում

    Այս ոլորտում խորացա այն ժամանակ, երբ հասկացա, որ տեխնիկական առարկաներն ինձ մոտ լավ են ստացվում: Տեխնոլոգիաներում ինձ հարմարավետ եմ զգում: Սովորում եմ Ֆիզմաթ դպրոցում: Խորացված մակարդակով ենք անցնում նաեւ «ինֆորմատիկա» առարկան, ծանոթանում համակարգիչների կառուցվածքին: Ի դեպ, դպրոցի ընկերներիցս 3-ը մասնակցել են «Զանազան» հավելվածի պրեզենտացիային: 


    Հովհաննես Վարդանյանը

    Ծրագրավորումը ներկայում ամենաարագ զարգացող մասնագիտությունն է:

    Այս ոլորտում եմ արդեն մի քանի տարի, եւ եթե ինչ որ բաներ չփոխվեն, երեւի այդ ուղղությամբ էլ շարունակեմ: Դեռ չգիտեմ, թե կոնկրետ որտեղ կսովորեմ, մտածելու համար դեռ 3 տարի ունեմ:

    Ծրագրավորումը մտածելակերպ է

    Լավ ծրագրավորող դառնալու համար հարկավոր է նախ դպրոցում սովորելու տարիներին մաթեմատիկայից միջինից բարձր լինել: Պետք է կարողանալ ինքնուրույն սովորել, հնարավոր է, որ հիմքը ինչ որ մեկը ձեզ սովորեցնի, սակայն ինքազարգացումն է, որ ձեզ լավ մասնագետ կդարձնի: Պետք է անընդհատ գիտելիքների պաշարը թարմացնել ու մնալ ոլորտում: Ծրագրավորումը մտածելակերպ է: Եթե ցանկանում ես լավ մասնագետ լինել, առօրյա կյանքում էլ պետք է մտածես որպես ծրագրավորող: 


    Հովհաննես Վարդանյանը

    Ինչպես ծրագրավորմամբ հետաքրքրվող ցանկացած մարդ՝ 10 տարի հետո ես ինձ պատկերացնում են Google-ում կամ Microsoft-ում աշխատելիս: Ապագայի մասին շատ բան չենք կարող ասել, բայց, իմ կարծիքով, ամենաճիշտը Հայաստանում մնալն է եւ փորձելը մեր երկիրը դարձնել այնպիսի կենտրոն, որտեղ մարդիկ կձգտեն գալ՝ գնալու փոխարեն:

    Բլից հարցեր՝

    -Բակում ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:

    - Միանշանակ՝ բակում ֆուտբոլ:

    - Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:

    -Կիջնեի բակ՝ ֆուտբոլ խաղալու (Ժպտում է-խմբ.):
     
    -Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:

    -Եթե բավականաչափ գումար ունենամ, ֆուտբոլային ակումբ կգնեմ:

    -Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:

    - Կարծում եմ՝ Մալդիվյան կղզիներում:

    - ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:

    - Բիլ Գեյթսին կընտրեի, կուտեինք այն, ինչ ինքը պատվիրեր, կարծում եմ վատ ընտրություն չէր անի: Նրան կհարցնեի, թե իր առաջին օպերացիոն համակարգը ստեղծելուց մեկ ամիս առաջ ինչի մասին էր մտածում, ինչ ակնկալիքներ ուներ եւ պատկերացնում էր արդյոք, թե ինչի կհասնի:

    Նարինե Դանեղյան
    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի