07:11 | 20.05.16 | IT պատանիներ | exclusive 11761

    IT պատանիներ. Անի Հովհաննիսյան

    Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

    Մեր օրերում Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

    Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

    17-ամյա Անի Հովհաննիսյանը որոշել է համատեղել խաղերի ստեղծման եւ լրագրողի մասնագիտությունները: «Թումո» կենտրոնում խաղերի ստեղծման վորքշոփի ընթացքում ինքնուրույն մոդելավորել է անգլիական ոճի սարսափ 3D աշխարհ:

    Անին կարեւոր է համարում նաեւ իր մասնակցությունը մեկ այլ նախագծի, որի շրջանակում ինքնուրույն 2 խաղային աշխարհ է մոդելավորել: «Առաջինն արեւային հեքիաթային աշխարհ էր՝ գեղեցիկ գույներով, իսկ երկրորդում՝ հերոսը մահանալով ընկնում էր գերեզմաններով լի դաժան ու մութ աշխարհ»:


    Անի Հովհաննիսյանը

    Անին իր ընկերներից մեկի հետ մեկ այլ նախագծի շրջանակում ստեղծել է Unreal Engine-ով աշխատող աշխարհ, որտեղ պատկերված էր հայկական ամրոց՝ Արշակունիների դրոշներով:

    Ապագա լրագրողն ու խաղեր ստեղծողը

    Ինձ հետաքրքրում է ինչպես խաղերի ստեղծումն, այնպես էլ review-ներ գրելը: Դրա համար էլ դպրոցն ավարտելով՝ ընտրեցի լրագրողի մասնագիտությունը՝ սովորում եմ Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղում:


    Անի Հովհաննիսյանը

    Եվ լրագրությունը եւ ծրագրավորումը պահանջված մասնագիտություններ են, մանավանդ որ Հայաստանում խաղային վերլուծաբաններ գրեթե չկան:

    Արտասահման գնալ սովորել ու վերադառնալու ցանկություն միշտ էլ կա, բայց դեռ համոզված չեմ: Գիտեմ, որ, օրինակ, Ճապոնիայում խաղերի ծրագրավորման ոլորտում մասնագիտացած շատ լուրջ համալսարաններ կան:

    Խաղերի ստեղծման լավ մասնագետ դառնալու համար պետք է շատ հանգիստ լինել, քանի որ հնարավոր է 5000 տողի մեջ 64-րդ տողում ինչ որ կետ/ստորակետ ես մոռացել, ու դրա պատճառով է, որ ոչինչ չի աշխատում: Մյուս անհրաժեշտ նախապայմանը տրամաբանության առկայությունն է ու կրեատիվությունը:


    Անի Հովհաննիսյանը
    Ցանկանում եմ հայրենիքում զարգացնել խաղերի ստեղծման ոլորտը

    Ցանկանում եմ խաղերի ստեղծման ոլորտը Հայաստանում զարգացնել, եւ եթե անգամ գնամ արտասահման սովորելու, վերադառնալու եմ:

    Բլից հարցեր՝

    -Բակում ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:

    -Ես ֆուտբոլ շատ եմ սիրում, այդ իսկ պատճառով՝ ֆուտբոլ:

    - Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:

    - Կվերադառնամ անցյալ ու տեխնոլոգիաները կբերեմ ապագա:

    -Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:

    - Երեւի բազմաթիվ խաղեր կգնեի ու ամբողջ օրը կխաղայի:

    -Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:

    - Սիլիկոնյան հովտում:

    - ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:

    - Silent Hill սարսափ խաղի ստեղծող Կեիտիրո Տոյամայի հետ: Կգնայինք ճապոնական ռեստորան, ու կհարցնեի, թե ինչպես է իր մոտ ստացվում նման հիանալի սցենարներ գրել:

    Նարինե Դանեղյան
    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի