Եկատերինա Վորոնովան
07:41 | 16.05.16 | Հարցազրույցներ | exclusive 18143
Innovare շվեյցարական ինովացիոն պլատֆորմը (Innovare Swiss-Eurasian Innovative Platform) աջակցում է Եվրասիական միության՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի ստարտափներին՝ ներկայանալու եվրոպական եւ գլոբալ շուկայում:
Itel.am-ը հարթակի եւ նրա հայաստանյան ներկայության շուրջ զրուցել է Innovare-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եկատերինա Վորոնովայի հետ:
- Ինչպիսի՞ աջակցություն է տրամադրում Innovare-ը եվրասիական ստարտափներին:
- Մեր նպատակն է կապել Եվրասիական տնտեսական միության երկրները Շվեյցարիայի հետ՝ տեխնոլոգիական զարգացման, նորարարության, հետազոտական եւ ներդրումների առումներով:
Թիրախում են ռուսական, ղազախական, բելառուսական եւ հայկական ստարտափները, որոնք ստեղծում են նորարար պրոդուկտներ, գիտական հետազոտություններ իրականացնում տարբեր ոլորտներում: Մենք աջակցում ենք այն ստարտանփերին, որոնք ցանկանում են մուտք գործել շվեյցարական եւ եվրոպական շուկաներ, ինչպես նաեւ նախնական փուլում գտնվող ստարտափներին, որոնք փնտրում են R&D գործընկերներ՝ ինովացիոն լուծումների համատեղ մշակման համար:
Տարբեր նախաձեռնությունների միջոցով կապեր ենք ստեղծում նշված երկրների ինովացիոն կառույցների եւ բարձր տեխնոլոգիական ընկերությունների, (աքսելերատորներ, ավագ դպրոցներ, համալսարաններ, հետազոտական եւ զարգացման կենտրոններ) եւ շվեյցարական գործընկերների միջեւ՝ ստեղծելու միասնական նախաձեռնություններ:
- Ե՞րբ եւ ի՞նչ կարող են հայկական ստարտափները սպասել Innovare-ից:
- Ներկայում «Ստարտափ Արմենիա»-ի հետ սկսել ենք քննարկել, թե ինչպես կարող ենք մեր ծրագրերում ներգրավել հայկական ստարտափներին: Ծրագրում ենք Հայաստանում միջոցառում կազմակերպել՝ շվեյցարացի եւ հայ գործընկերների օգնությամբ: Ներկայում քննարկում ենք հնարավորությունները, դիտարկում հայկական շուկան, հասկանալու համար վերջինիս կարիքները: Այնպես որ կարծում են՝ օգոստոսից սկսած ակտիվորեն կգործենք Հայաստանում:
Ունենք մի քանի ծրագրեր, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:
Հայկական ստարտափները Innovare-ի նախաձեռնություններին մասնակցել կարող են նաեւ InnMind.com հարթակի օգնությամբ: Այնտեղ չկան տարածաշրջանային սահմանափակումներ՝ ամբողջ աշխարհից ստարտափները կարող են գտնել ներդրողների, մենթորների, որոնել օգտակար գործիքներ ՝ հետագայում իրենց նախագծերը զարգացնելու նպատակով, եւ որ շատ կարեւոր է, հասնել միջազգային համայնքին եւ մեծացնել հաճածորդների ցանցը: InnMind-ը հիանալի լուծում է, որը մեկ հարթակում միավորում է ստարտափի աշխատանքի տարբեր ասպեկտներ:
-Քանի որ սկսել եք ուսումնասիրել հայկական ստարտափ էկոհմակարգը, ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները:
- Գիտեմ մի շարք հայկական ստարտափների մասին, որոնք ճանաչված են արտերկրում, օրինակ՝ PicsArt-ը: Տեղյակ եմ, որ Հայաստանում ՏՀՏ, մասնավորապես՝ ինժեներական ներուժը բավական զարգացած է:
Հայկական ստարտափները շատ հայտնի չեն արտերկրում միգուցե այն պատճառով, որ առկա է տեղեկատվության պակաս: Այստեղ՝ Շվեյցարիայում, շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ցանկանում ենք ուղղել այդ սխալը եւ ծանոթացնել հայկական ստարտափներին շվեյցարական շուկային:
Կարծում ենք, որ մեր գործողություններով կկարողանանք Հայաստանը հրապուրիչ դարձնել շվեյցարական եւ եվրոպական ՏՏ ոլորտի եւ ներդրողների համար՝ ստեղծելով արդյունավետ բիզնես կապեր հայկական ՏՏ եւ բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար:
Եկատերինա Վորոնովայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը