10:07 | 11.05.16 | Նորություններ | 6820

ԴիջիԹեք բիզնես ֆորումի գլխավոր ուղղությունը կլինի ռազմարդյունաբերությունը

9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 17-18-ը՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում:

Ֆորումի շրջանակում կծավալվեն քննարկումներ ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շուրջ` շահագրգիռ պետական գերատեսչությունների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ ՏՏ լուծումներ առաջարկող ընկերությունների մասնակցությամբ:

«Հիմնական շեշտադրումն այս տարի ռազմարդյունաբերությունն է: Ինչպես գիտեք, ՊՆ նախարարի հրամանով ԻՏՁՄ-ի եւ ՀՀ ԶՈՒ-ի միջեւ ստեղծվել է հանձնաժողով, որն աշխատում է այդ խնդիրների ուղղությամբ: Բիզնես ֆորումի ընթացքում քննարկվելու է 3 հիմնական խնդիր: Առաջինը՝ ինչպիսի կարճաժամկետ լուծումներ է պետք գտնել հակառակորդին հակազդելու համար, երկրորդ՝ գոյություն ունեցող տեխնոլոգիական բազայի հիման վրա ինչպես կարող ենք ստեղծել միջնաժամկետ նոր ռազմարդյունաբերություն՝ հաշվի առնելով, որ պատերազմներն արդեն տեխնոլոգիական զենքի կռիվ են: Երրորդը ռազմավարական խնդիրն է՝ թե 15-20 տարի հետո ինչ ռազամավարություն ենք ցանկանում ունենալ, եւ թե ինչ քայլեր է պետք իրականացնել դրան հասնելու համար: Այստեղ ակնկալում ենք ԶՈՒ համապատասխան պաշտոնյաների ակտիվ մասնակցություն»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Երկօրյա ֆորումի ընթացքում կանցկացվի նաեւ Եվրոպական գործարարների (Yes For Europe) եւ Հայ-գերմանական բիզնես համաժողով: ՀՀ գործարար աշխարհն ու պետական կառույցները քննարկումներ կանցկացնեն նաեւ ՏՏ ներդրումային էկոհամակարգերի, ԱՊՀ Քլինթեք հարթակի ձեւավորման, նոր սերնդի բանկային համակարգի, էլեկտրոնային կառավարման, կիբեր անվտանգության եւ այլ արդիական թեմաների շուրջ:

«Էկոնոմիկայի նախարարությունը կարեւորում է ինովացիոն ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը: Նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչին նպաստում է նաեւ այս բիզնես ֆորումի անցացումը, Հայաստանի համար այսօր չափազանց արդիական է: Պետք է Հայաստանում ստեղծենք այնպիսի ներդաշնակ համակարգ, որտեղ կկարողանանք կապել գիտելիքը բիզնեսի հետ: Այդտեղ պետք է ներգրավված լինեն բոլոր այն կառույցները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտի հետ կապված աշխատանք»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
 
Նա նաեւ տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում գործում է հավաստագրված 94 ստարտափ ընկերություն, որոնցում ներգրավված է շուրջ 450 աշխատակից: Ընկերությունների շրջանառությունն արդեն հասնում է շուրջ 2 մլն դոլարի:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն իր հերթին ասել է, որ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրով երկօրյա ֆորումը լավ հարթակ է ՏՏ ոլորտի եւ բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Նրա խոսքով, բիզնես ֆորումը հնարավորություն կտա ակտիվացնելու ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությունը
Հայաստանի տնտեսության զարգացման գործողությունների առաջիկա ծրագրի մշակման գործընթացում:

Նշենք, որ կազմակերպիչներն այս տարի ակնկալում են շուրջ 70 ընկերությունների մասնակցություն եւ մոտ 2000 այցելուներ:

Ֆորումի ամբողջական օրակարգը հասանելի է այստեղ:

ԴիջիԹեք բիզնես ֆորումն անցկացվում է 2008-ից: Երկօրյա բիզնես ֆորումն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: