11:55 | 06.05.16 | Նորություններ | 4392
Ուրցաձորում պաշտոնապես բացվել է վայրի կենդանիների փրկարար կենտրոնը, որը գործելու է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից պահպանվող տարածքում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում:
Նախագծին իր երկարաժամկետ աջակցությունն է հայտնել FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ կենտրոնին հատկացնելով նորագույն տեխնիկայով համալրված շտապօգնության ավտոմեքենա:
«Երբ մարդիկ սովորեն ընդունել, պահպանել բնությունը եւ չխանգարեն դրա ինքնակարգավորման գործընթացին՝ զգալի առաջընթաց կարձանագրվի ոչ միայն ֆաունայի եւ ֆլորայի, այլեւ` հասարակության ինքնագիտակցության մեջ: Եթե մենք այս ամենը համարենք երկրորդական՝ տխուր հետեւանքներով լի երկիր կփոխանցենք ապագա սերունդներին: Պարտվողական կեցվածքը, սակայն, հատուկ չէ մեր ազգին. Մենք պետք է համարձակ լինենք, ընդունենք մարտահրավերը եւ շարունակենք աշխարհին ապացուցել, որ քաղաքակրթությունը դրսեւորվում է ոչ թե խոսքերով, այլ ապրած կյանքով ու վարքագծով: Մենք այս տրամաբանության կողմնակից ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: