13:06 | 23.04.16 | Նորություններ | 3833

Beeline-ը եւ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ը կհամագործակցեն

Beeline-ը՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, հայտարարում է համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում կիրականացվի «Թվային տեխոլոգիաների հետ աշխատելու հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է մարզերի երիտասարդներին հնարավորություն ընձեռել ձեռք բերել գիտելիքներ ժամանակակից տեխնոլոգիաների եւ դրանց զարգացման միտումների վերաբերյալ, ինչպես նաեւ աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում:

Ծրագրի շրջանակում «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի «Իջեւան» մասնաճյուղում կբացվի համակարգչային լսարան, որտեղ երիտասարդները կանցնեն վեբ դիզայնի եւ գրաֆիկ դիզայնի դասընթացներ:

«Թվային տեխնոլոգիաներն այսօր առանցքային դեր ունեն հաջողության հասնելու գործում: Beeline-ը, որպես երկրի առաջատար կապի օպերատոր, մեծապես կարեւորում է տեղեկատվական տեխնոլոգիների վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես երիտասարդների շրջանում: «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հետ այս համատեղ ծրագրի շնորհիվ Տավուշի մարզի երիտասարդները հնարավորություն կստանան ձեռք բերելու նոր տեխնոլոգիական գիտելիքներ եւ հմտություններ, որոնք օգտակար կլինեն նրանց ուսման մեջ ու աշխատանքում եւ կօգնեն կառուցել իրենց ապագան` դարձնելով կյանքն ավելի լավը», - նշեց Հայաստանում  Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։     

«Վեբ դիզայնի եւ գրաֆիկ դիզայնի ուսուցում» դասընթացներն իրականացվելու են մեկ տարվա ընթացքում, չորս փուլով: Ծրագրին կմասնակցեն սոցիալապես խոցելի ընտանիքներից ընտրված 60 երիտասարդներ։