Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
11:02 | 22.04.16 | Նորություններ | 7314
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հերքել է նախօրեին մամուլում հայտնված հրապարակումները, որոնց համաձայն՝ «‹‹ԱրմենՏել›› ՓԲԸ-ն դատի է տվել առաջնագծում գտնվող զինվորին, պահանջելով 27.820 դրամ»:
Անդրեյ Պյատախինի տարածած ուղերձում ասված է. «Հրապարակումը չի համապատասխանում իրականությանը եւ վարկաբեկում է ընկերության հեղինակությունը։
Դիտարկենք վերոհիշյալ հարցը ներկայացնելով համապատասխան մանրամասներ. ՀՀ քաղաքացի Ալբերտ Կարապետյանը դարձել է մեր բաժանորդը 2015թ. մայիսի 18-ին, երբ նա դեռեւս զինվոր չէր: Հաճախորդի պարտքի ընդհանուր գումարը այս պահի դրությամբ կազմում է 27 272 դրամ, որից 20 000 դրամը`«Արծաթե համարի» արժեքն է: 2015թ. հուլիս ամսից սկսած բաժանորդը դադարել է վճարել կապի ծառայությունների համար, իսկ 2015 թ. օգոստոսին ստացել է առաջին SMS-հաղորդագրությունը պարտքի առկայության եւ վճարման անհրաժեշտության վերաբերյալ ծանուցմամբ: Այնուհետեւ, ընկերությունը 3 անգամ զանգահարել է հաճախորդին եւ 4 անգամ տեղեկացրել SMS-հաղորդագրության միջոցով՝ պարտքի մարման անհրաժեշտության մասին:
Մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ բաժանորդն արդեն 6 ամիս է, ինչ ծառայում է հայոց բանակում, հետեւաբար, պարտքի գոյացման պահին նա դեռեւս զինվոր չէր:
Ամփոփելով` նշեմ, որ այն պահից սկսած, երբ Ալբերտ Կարապետյանը դարձել է մեր բաժանորդը եւ ձեւավորվել է նրա պարտքը, ինչպես նաեւ այն ժամանակահատավածը, երբ գործն ուղարկվել է դատարան, վերջինս դեռ բանակում չէր ծառայում: Ցանկանում եմ ընդգծել, որ մինչ ներկա պահը մենք բաժանորդի կամ նրա հարազատների կողմից խնդրի լուծման խնդրանքով որեւէ գրավոր–դիմում չենք ստացել եւ այդ մասին տեղեկացել ենք միայն ԶԼՄ-ների հրապարակումներից:
Այժմ խոսքս ուղղեմ որոշ ԶԼՄ-ների եւ կայքերի. ցավում եմ, որ մեր եւ մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում դուք շահարկում եք այս ցավալի թեման, օգտագործում եք զինվորի անունը ոչ թե իրականում խնդիրը լուծելու, այլ սեփական վարկանիշը եւ կայքի այցելությունների քանակը բարձրացնելու նպատակով:
Խնդրի լուծման իրական ճանապարհ գտնելու եւ մեզ հետ կապ հաստատելու փոխարեն, նրանք «աղ են լցնում ժողովրդի վերքերի վրա», խաղում մեր ընկերության հեղինակության հետ, չեն պարզաբանում մանրամասները եւ նույնիսկ մեկնաբանություն չեն վերցնում երկրորդ կողմից:
Նման մոտեցումը համարում եմ խիստ ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ էթիկական։
Այն, ինչ կասեմ այժմ, մինչ այս չենք ներկայացրել հանրությանը, սակայն իրավիճակը ստիպում է: Ես եւ Beeline աշխատակիցները, երկրի համար ծանր պահին համախմբվեցինք եւ, ինչպես ողջ հայ ժողովուրդը, օգնություն ցուցաբերեցինք Արցախի ժողովրդին եւ սահմանի պաշտպաններին: Beeline-ի աշխատակիցները հավաքեցին բավականին նշանակալի գումար, որով գնվեցին առաջին անհրաժեշտության իրեր զինվորերի եւ բանակի համար: Զինվորական գործողությունների արդյունքում զոհվածների տասը ընտանիք ստացան ֆինանսական օգնություն, իսկ ես անձամբ հանդիպեցի ԼՂՀ նախագահի հետ` քննարկելու այն սոցիալական ծրագրերը, որոնք մեր ընկերությունները կիրականացնի ԼՂՀ տարածքում:
Ինչպես արդեն նշեցի, այս ամենը տեղ չէր գտել մամուլում, քանի որ դա չի արվել PR նպատակներով, եւ ցավում եմ, որ կան մարդիկ, ովքեր սեփական PR-ի եւ վարկանիշի բարձրացման համար օգտագործում են իրենց պաշտպանների` զինվորների հանդեպ հայ ժողովրդի տածած զգացմունքները եւ հարգանքը:
Ընկերության անունից մեզ բոլորիս մաղթում եմ խաղաղություն եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ»: