12:30 | 21.03.16 | Հոդվածներ | exclusive 4219

Կապույտ թռչնակի հաջողությունը. Twitter-ը 10 տարեկան է

Այսօր Twitter միկրոբլոգը նշում է հիմնադրման 10-ամյակը:

Առաջին թվիթը կատարել է ընկերության հիմնադիր Ջեք Դորսին` 2006թ. մարտի 21-ին:

Այսօր՝  ուղիղ 10 տարի անց, Twitter-ն ունի ավելի քան 320 մլն ամսական ակտիվ օգտատեր, որոնց 80%-ը միկրոբլոգ է մուտք գործում մոբայլ սարքերից:

Մշակութային եւ սպորտային իրադարձություններից մինչեւ ընտրական պրոցեսներ եւ հեղափոխություններ. 10 տարիների ընթացքում միկրոբլոգի կապույտ թռչնակը շատ բաների մասին է «ծլվլացել»՝ երբեմն նպաստելով նաեւ կարեւոր որոշումների կայացմանը:

«Սկսելով Ավստրալիայում 3/21-ին եւ տարածվելով ամբողջ աշխարհում՝ մենք շնորհակալ ենք ձեզ հիասքանչ 10 տարիների համար: Սիրով՝ Twitter». այսպիսի գրառմամբ է այսօր հանդես եկել «հոբելյար միկրոբլոգը»:



Ավելորդ է նշել, որ #LoveTwitter պաշտոնական հեշթեգն այսօր գլխավորում է համաշխարհային թրենդների 10-յակը:

Twitter-ն ամբողջ աշխարհում ունի 3900 աշխատակից, 35 գրասենյակ եւ հասանելի է 35 լեզուներով: Գլխամասային գրասենյակը Սան Ֆրանցիսկոյում է: Ուշագրավ է, որ Twitter-ի օգտատերերի միայն 21%-ն է սոցցանց մուտք գործում ԱՄՆ-ից:

Twitter-ում ամենաշատ հետեւորդներ ունեն Քեթի Փերին (84 764 675), Ջասթին Բիբերը (77 428 252) եւ Թեյլոր Սվիֆթը (73 181 763):

Հայաստանում Twitter-ի ակտիվ օգտատերերի թիվը շուրջ 25 հազ. է: Թեեւ այս ցուցանիշը շատ հեռու է Facebook օգտագործողների թվից, սակայն հայաստանցիների ակտիվությունը տարեցտարի ավելի նկատելի է դառնում:

Twitter-ի հայաստանյան սեգմենտն ակտիվանում է ամեն տարի Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրերին, ինչպես նաեւ ընտրությունների, ընդդիմության հանրահավաքների, երբեմն էլ արտակարգ պատահարների ժամանակ: Twitter-ում հայաստանցիներն ակտիվ են նաեւ այն պահերին, երբ Facebook-ում ժամանակավոր խափանումներ են տեղի ունենում:

Twitter-ի հայաստանյան ամենատարածված հեշթեգներից են #ArmenianGenocide-ը, #ElectricYerevan-ը, #armvote13-ը:

Հ.Գ. Վերջում՝ էլի մի քանի թիվ


Նարինե Դանեղյան