14:45 | 19.03.16 | Նորություններ | 9254

Ucom-ը ներկայացրել է Orange-ի հետ միավորման մանրամասները

Ucom եւ Orange ընկերությունների միավորումից հետո Ucom ընկերությունը մատուցելու է նաեւ շարժական հեռախոսակապի եւ ինտերնետ ծառայություններ: 

Այս մասին հաղորդել են Ucom-ում՝ միաժամանակ ներկայացնելով բաժանորդներին հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ: Ստորեւ ներկայացված են դրանք.

Փոխվելո՞ւ են արդյոք մեր հեռախոսահամարները եւ կոդերը, թե՞ ոչ:

Orange ցանցում գտնվող Ձեր հեռախոսահամարները եւ կոդերը Ucom-ում կմնան անփոփոխ:

Արդյոք պե՞տք է այցելել սպասարկման կենտրոն, որպեսզի մեր Orange քարտերը շարունակեն գործել:

Խանութ այցելելու կամ հավելյալ որեւէ գործողություն կատարելու կարիք չկա: Ընկերությունների միավորումներից հետո Ձեր քարտը կշարունակի նույնությամբ գործել:

Արդյոք կշարունակի՞ գործել Orange-ից հեռախոս կամ ինտերնետ սարքավորում ձեռք բերելու ժամանակ ստանձնած պարտավորությունները:

Հեռախոս կամ ինտերնետ մոդեմ ձեռք բերելիս ստանձնած Ձեր բոլոր պարտավորությունները նույնությամբ կպահպանվեն եւ կփոխանցվեն Ucom ընկերությանը:

Փոխվելու են արդյո՞ք Orange-ի ծառայությունների գործող սակագները։

Եթե Դուք արդեն Orange-ի որեւէ ծառայության բաժանորդ եք, ապա կշարունակեք օգտվել այդ ծառայությունից՝ Ձեր սակագնային պլանի պայմաններին համապատասխան:

Ե՞րբ ենք կարողանալու Orange-ի եւ Ucom-ի ծառայությունների համար վճարումներ կատարել միեւնույն վայրից:

Միավորումից հետո Orange-ի բոլոր խանութները կվերափոխվեն Ucom սպասարկման սրահների, եւ Դուք կկարողանաք շարժական եւ ֆիքսված բոլոր ծառայությունների համար վճարումներ կատարել բոլոր սպասարկման սրահներում:

Ucom ընկերությունը տրամադրելու է արդյո՞ք շարժական ինտերնետ:

Ucom ընկերությունը կմատուցի նաեւ շարժական ինտերնետի ծառայություններ` հասանելի Հայաստանի բնակչության 98%-ին:

Արդյոք լինելո՞ւ են փաթեթային տարբերակներ, որտեղ բացի Ucom ծառայությունները կլինեն նաեւ Orange ծառայություններ:

Միավորված ընկերությունը հնարավորություն կունենա բաժանորդներին առաջարկել ֆիքսված եւ շարժական կապի համակցված ծառայություններ:

Փոխվելո՞ւ են արդյոք Ucom գործող ծառայությունների պայմանները:

Եթե Դուք արդեն U!TV կամ U!Phone ծառայության բաժանորդ եք, ապա Ձեր գործող բոլոր պայմանները կմնան անփոփոխ:

Փոխվելո՞ւ են արդյոք բջջային հեռախոսի ինտերնետ կարգավորումները:

Եթե Դուք Orange-ի շարժական հեռախոսակապի բաժանորդ եք, ապա Ձեր հեռախոսի ինտերնետ կարգավորումները կմնան նույնը եւ որեւէ հավելյալ գործողություն կատարելու անհրաժեշտություն չի լինի:

Պահպանվելո՞ւ են արդյոք Orange ծառայությունների ակտիվացման կոդերը:

Orange-ի շարժական ձայնային ծառայությունից օգտվելիս ակտիվացման բոլոր կոդերը կմնան նույնը: Օրինակ` հաշիվը ստուգելու համար Դուք կրկին կհավաքեք *133#, «Ucom կինո» ծառայության ակտիվացման կոդ ստանալու համար SMS կուղարկեք 5555 համարին եւ այլն:

Փոխվելո՞ւ է արդյոք Orange-ի ինտերնետ կապի արագությունը:

Միավորումից հետո, շարժական լայնաշերտ ինտերնետ ծառայության արագությունը կմնա նույնը՝ ընտրված սակագնային պլանին համապատասխան:

Ի՞նչ համարով զանգահարեմ, եթե ունեմ հարցեր Orange-ի ծառայությունների վերաբերյալ:

Նոր միավորված Ucom ընկերության ցանկացած ծառայության (ներառյալ շարժական կապի ձայնային եւ ինտերնետ ծառայությունները) վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում՝ Ucom-ի Բաժանորդների սպասարկման կենտրոնի հետ կապվելու համար Ucom շարժական եւ ֆիքսված հեռախոսահամարներից կարող եք զանգահարել 444 կարճ համարին, կամ 011 444 444՝ այլ հեռախոսահամարներից: Ucom համարից կատարված զանգը կլինի անվճար: