12:54 | 16.03.16 | Նորություններ | 3594
2014թ․ դեկտեմբերից Հայաստանում անցկացվում է ռուսաստանյան «Տեխնոլոգիաներ կյանքի համար – Ինտերնետ լույսի արագությամբ» խորագիրը կրող մրցույթը՝ ՏՏ թեմաները լուսաբանող լրագրողների համար։
Միջազգային մրցույթի կազմակերպիչն է ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ընկերությունը։
Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են հարյուրավոր լրագրողներ Ռուսաստանից եւ Հայաստանից, իսկ գլխավոր մրցանակակիրներն այցելում են տեխնոլոգիական խոշոր ընկերություններ՝ Ericsson (Ստոկհոլմ, Շվեդիա), Huawei (Շենչժեն, Չինաստան), ZTE (Շենչժեն, Չինաստան):
«Երբ իմացա մրցույթի մասին, որոշեցի անպայման դիմել: Բացառիկ հնարավորություն էր, լինել Չինաստանի նման հզոր պետությունում: Գայթակղիչ մրցանակ էր՝ Չինաստան, Huawei ընկերություն: Միանգամից պատկերացրեցի, թե ինչ հետաքրքիր ճանապարհորդություն կարող է սպասվել: Մասնագիտական քննարկումներ, նոր ծանոթություններ: Հնարավորություն էր լինել իրադարձությունների կենտրոնում, տեսնել եւ իմանալ նոր նախագծերի մասին, ավելացնել ՏՏ ոլորտի գիտելիքները»—պատմել է մրցույթի 2015թ․ հայաստանյան հաղթող, հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը։
Մրցույթի 2016թ․ մեկնարկը տրվել է 2015թ. նոյեմբերին, եւ հայաստանյան լրագրողները կարող են մինչեւ այս տարվա ապրիլի 10-ը իրենց աշխատանքները բեռնել www.smi.rt.ru կայքում եւ դառնալ աշնանը Չինաստան մեկնողներից մեկը։