17:05 | 12.02.16 | Հոդվածներ | exclusive 4613
Փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը» (ՄԻԿ) «Դեմո օր» (Demo Day) միջոցառմամբ կամփոփի նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար նախատեսված իր աքսելերացիոն ծրագիրը, որին մասնակցում է տեղական 12 ստարտափ:
Այդ օրը թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները ՏՏ ոլորտի մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին։
«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը ներկայացնում են 12 ստարտափների զարգացման պատմությունը:
Archimedes համակարգը թույլ է տալիս ուսումնական պլանի, դասախոսների, առկա լսարանների, դասերի ժամաքանակի մասին տեղեկատվությունը մուտքագրելով` ստանալ ամենաօպտիմալ դասացուցակը։
Itel.am-ի հետ զրույցում թիմի անդամներից Արամ Թովմասյանը նշել է, որ համակարգը մշակող թիմը երկար ժամանակ աշխատել է ինֆորմացիոն կառավարման համակարգերի, ինչպես նաեւ տարբեր համալսարանների եւ կրթական հաստատությունների հետ:
«Ընթացքում հասկացանք, որ նրանց մեծ մասը ունի դասացուցակի կազմման խնդիր, քանի որ այդ գործընթացը բավական երկար ժամանակ էր խլում։ Օգտագործելով մեր կողմից գրված ալգորիթմը` արդեն մշակել ենք անհրաժեշտ տվյալների մուտքագրման համակարգ: Այն կարողանում է միաժամանակ համախմբել, օրինակ, ժամային առումով դասախոսների նախապատվությունը, լսարանների միջեւ հեռավորությունը, լսարանի տեսակը, դասաժամերի արանքում ազատ ժամ չունենալու հնարավորությունը»,- պատմել է Արամ Թովմասյանը:
Ներկայումս Archimedes համակարգը փորձնական կիրառվում է Հայաստանի ազգային ագրարարային համալսարանում։
Արամ Թովմասյանի խոսքով, մոտակա 2 ամիսների ընթացքում թիմը կփորձի բարելավել համակարգի ալգորիթմը, որից հետո հնարավոր կլինի այն ներդնել Հայաստանի բոլոր կրթական հաստատություններում։ Archimedes-ը կարող է կիրառվել նաեւ մեծ կորպորացիաներում, հյուրանոցներում՝ տարբեր սրահների արդյունավետ օգտագործման նպատակով:
Արամ Թովմասյանը, անդրադառնալով ստարտափ աքսելերացիայի ծրագրի առավելություններին, կարեւորել է նոր հմտությունների ձեռք բերումը, մասնավորապես՝ պրոդուկտի ներկայացման հարցում։ Նրա խոսքով՝ պրոդուկտի մշակմանը զուգահեռ, անհրաժեշտ է մտածել նաեւ մարքեթինգի մասին:
Նարինե Դանեղյան